12 07 2024

«Կարճ ասած»․ ՔՊ-ականներն առաջարկում են ռուսական գազից հրաժարվել․ իսկ հացի՞ց



 

Իմ արխիվում ֆայլ ունեմ, որի անունը բլթ է։ ՔՊ-ականներից հաճախ ենք լսում հայտարարություններ, ելույթներ, որոնք այլ բառով ես չեմ կարող մեկնաբանել, քան անվանել բլթ։ Օրինակ՝ եթե անվանեմ հիմարություն, վիրավորանք կդիտվի, դրա համար շատ հետաքրքիր բառ է վերջին տարիներին ի հայտ եկել՝ բլթը։ Մի երկու օրինակ բերեմ․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ գյուղացին գիտի, թե որտեղ է կարկուտ գալու, տանում այնտեղ ցորեն է ցանում, հենց բլթ է։ Երբ ԱԺ փոխնախագահ ՔՊ-ական Հակոբ Արշակյանն ասում է՝ չի կարելի միջպետական ճանապարհ փակել, լավ բան չէ, ուրիշների կատարմամբ այս միտքը նորմալ է, իր կատարմամբ՝ բլթ, որովհետև իրենք իշխանության են եկել միջպետական ճանապարհ փակելով։ Առավել խնդալու են էն պատգամավորները՝ Դավոյան-Հովհաննիսյան-բան, որ հայտարարում են՝ փողոցից իշխանության չեն գալիս։ Բլթերից մեկն այն է, երբ վարչապետը մեղադրում է բարձրաստիճան հոգևորականներին՝ իրենց առաքելությունը ձախողելու մեջ։ Ես չեմ կարող գնահատել հոգևորականների առաքելությունը, բայց նրանց մեղադրում է մարդ, որը իր բոլոր խոստումների ճիշտ հակառակն է արել։

Երկար կանգ չառնելով իշխանականների զավեշտալի մտքերի վրա, անդրադառնամ, թերևս ամենազավեշտին, որը ուղղակի աբսուրդի գագաթնակետն է։ Խոսքը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետևյալ մտքի մասին է՝  «Պետք ա ռուսական գազից հրաժարվենք, որ անկախ դառնանք»։ Գլուխգործոց է։ Ըստ երևույթին, ՔՊ-ում ամեն օր որ երեկոյան հավաքվում քննարկում-դասախոսություն են կարդում, դա էլ են ասել, հիմա նա հասցնում է հանրությանը իրենց մտադրությունը։

Լավ, հրաժարվեցինք գազից, ի՞նչ ենք անելու, ի՞նչ ենք վառելու դրա փոխարեն, Իջևանի անտառնե՞րը։  Չէ, վստահաբար դա չեն ասում, երևի չի էլ մտածել, թե որ հրաժարվենք, ինչ ենք անելու։ Մի տարածքային կառավարման փոխնախարար ունենք, որն ասում էր՝ Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ գնել։ Սա ավելի մեծ աբսուրդ էր։ Քանի որ իրենք շատ հեռու են նրանցից, ինչից խոսում են, իրենց թվում է՝ պայմանագիրը ստորագրեցին, դու կարող ես տանը վառել էդ գազը։ Էդ գազը ներդրումներ են միլիարդավոր դոլարների, գազամուղի քաշում, հասցնում բնակարաններ և այլն, դու պետք է Ադրբեջանից գազամուղ բերես ու գազիֆիկացնես ամբողջ Հայաստա՞նը։ Ասենք գազը բերիր մի որևէ երկրից, թեկուզ Ադրբեջանից, ուրեմն նշանակում է անկախացա՞ր, թե Ադրբեջանի ազդեցության տակ մտար, մի հատ էլ էդ թեմայով։ Ռուսաստանից որ բերում ես անկախ չես, հենց ուրիշ երկրից բերես անկախ ե՞ս։ Եթե ռուսական գազից հրաժարվում ես անկախ լինելու համար, ուրեմն պետք է ընդհհանրապես գազ չօգտագործես, եթե քո արտադրանքը չէ։ Որովհտետև ցանկացած բան, որը դու վերցնում ես, կախվածության մեջ ես։ Ավելին ասեմ, ժողովուրդ ջան, ցանկացած բան, որ դու ես արտադրում, բայց հումքը վերցնում ես, էլի կախվածության մեջ ես, Մելքոնյան Գագիկի բառապաշարով՝ անկախ չես։ Մելքոնյանգագիկենք պատրա՞ստ են գազ չվառել, իր աշխատավայրում՝ ԱԺ բուֆետում, աթար վառեն, վրան պերերիվ սարքեն, ինքը ուտի։

Լավ, է՞լ ինչից կառաջարկեն հրաժարվել նիկոլենք։ Գազից հետո ամենաշատը Ռուսաստանից ներկրում ենք նավթամթերք՝ ավելի քան 200 մլն դոլարի բենզին ու դիզվառելիք։ Հըն, Մելքոնյան, ի՞նչ ես առաջարկում, կարող ա՞ հրաժարվենք ավտո քշելուց, բենզին էլ էլ չներկրենք․ բրդենք ավտոները։ Եկեք սալյարկա չներկրենք, թող գյուղացիները գութանով հողը ցանեն, ոչ թե տրակտորով։ Մանավանդ որ Բելառուսից նեղացել ենք ու իրենց տրակտորները մեզ պետք չեն։ Ջհանդամ, մենք սաղ եզներով ու բահով կմշակենք, կարևորը անկախ լինենք։

Էդ հարցն էլ լուծեցինք․ անցնենք տեսնենք էլ ինչը արգելենք բերել։ Հա, հացը։ Գազից ու դիզվառելիքից հետո երրորդ ամենաշատը Ռուսաստանից ներկրում ենք հացահատիկ։ Մինչև Արցախի հանձնելը, Հայաստանի ցորենի ինքնաբավության մակարդակը 25-30 տոկոսի միջակայքում էր․ Արցախից հազարավոր տոննաների ցորեն էր գալիս։ Իսկ հիմա ինքնաբավությունը 20 տոկոսից ցածր է։ Մենք Ռուսաստանից ներկրում ենք մոտ 380 հազար տոննա ցորեն, 60 հազար տոննա գարի, 100 հազար տոննա եգիպտացորեն։

Պարոն Գագիկ Մելքոնյանն ի՞նչ կառաջարկի, իսկ կարող ա՞ հացից հրաժարվենք։ Մենք ցորենի 99 տոկոսը Ռուսաստանից ենք բերում, մեր անկախությունը կորում ա ցորենի թեփի մեջ, եկեք հրաժարվենք հացից, ազգովի դիետա պահենք։ Օրինակ ինքը պատրա՞ստ է։ Լավ, համաձայնվեցինք, գազից հրաժարվում ենք, ալյուրից հրաժարվում ենք, բենզինից հրաժարվում ենք։ Է՞լ ինչից։ 

Ձեթը․ դուք գիտե՞ք ռուսները մեր անկախությունը ոնց են սպանում՝ Հայաստան ձեթ ուղարկելով․ շտապ եկեք հրաժարվենք ձեթից։ Դեղերից հրաժարվենք, առաջին տասնյակի մեջ ռուսական դեղերն են։ Ջհանդամ թե էժան չեն, եկեք հրաժարվենք, թող հիվանդանդնա մեռնենք, բայց զաթո կմեռնենք լիարժեք անկախ։

Հայաստան եկող բազմաթիվ ապրանքի միակ մատակարարը Ռուսաստանն է, լիքը ապրանքատեսակների՝ հիմնական մատակարարը։ 1200-ից ավելի ապրանք ենք բերում։ Եկեք բերենք ուրիշ տեղից, ինչը որ կկարողնանք բերենք, թեկուզ թանկ, ինչն լ չենք կարողանա՝ չօգտագործենք, հրաժարևվենք դրանցից, ի՞նչ է եղել, որ․ ինչի որ Հայկ Նահապետը գազ չի վառել, չի ապրե՞լ։ Աբսուրդ ա չէ՞, ժողովուրդ ջան․ այ դրա համար էլ սրանց մասին ֆայլի անունը դրել եմ բլթ։

Եվրոպան էս պահին պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, բայց նաև ռուսական գազի ամենաշատ սպառողն է։ Ռուսական գազ է հիմա սպառում։ Անգամ այն երկրները, որ Ռուսաստանի հետ թշնամիներ են, ինչ-որ կերպ հարաբերություն են պահում։ Բայց Հայաստանի իշխանություն կոչվածի խելքը կերել են ու անում է էնպիսի հայտարարություններ, որոնք երևի անգամ Ուկրաինան իրեն թույլ չի տալիս։

Լավ, իսկ արտահանմա՞նը ինչ կասեք։ Գիտե՞ք մենք ինչան կոնյակ, գյուղմթերք ենք արտահանում Ռուսաստան․ դա էլ է կախվածություն, քանի որ մեր գլխավոր շուկան է։ Չեք ուզո՞ւմ արտահանումն էլ դադարեցնենք ու անկախանանք։ Ի՞նչ խաբար ա, մինչև 800 տեսակի ապրանք ենք արտահանում, եկեք դադարեցնենք, որ վերջապես անկախանանք։ 20 մլն լիտր կոնյակ ենք արտահանել, եկեք դադարեցնենք, էդ 20 միլիոնը թող ՔՊ-ականներն առնեն խմեն, կամ թող իրենց երազած թուրքերին տան․․․ այ հա, չեն ուզում նրանք, իրենցն ունեն, շատ ավելի էժանը ունեն, այ մարդ սենց բան կլինի։ 

Այս իշխանությունը ամենաշատը անկախություն ու ինքնիշխանություն բառերն է բռնաբարում։ Ու երևի միայն իրենք են հասկանում, թե ինչ են հասկանում այդ անկախություն բառի տակ։ Ըստ ՔՊ-ականների՝ դու անկախ ես այն դեպքում, երբ կախում ունես Արևմուտքից և բացարձակ անկախ չես, երբ կախում ունես Ռուսատանից։ Երբ, ասենք, թիկունքում ունես ռուսական ռազմաբազա, ինքնիշխան չես, երբ ունես եվրոդիտորդներ ու 200 կիլոմետր մխրճված թուրքի զինվոր, ինքնիշխան ես։

Կարելի է հարցնել՝ Ռուսական գազ բերելով, հաց բերելով դու ինչո՞վ ես զգում, որ կախյալ ես՝ անհիմն թանկացրե՞լ է․ կարծես թե ոչ, իրենց երկրի ներսի գներով է տալիս, ստանում ես ժամանակին, առանց ընդհատվելու, ցորեն չի՞ տվել, սովա՞ծ ես մնացել։ Կարծես թե ոչ, նորմալ մատակարարում է։ Բա էլ ինչի՞ մասին է խոսքը։ Դեմը բա՞ն է ուզում․․․ ի՞նչ․․․ բա էդ ասա իմանանք, ինչ-որ շատ տարօրինակ է ստացվում․ իսկ կարող ա՞ էնպիսի բան են ուզում, որ ամերիկացիք են դեմ կամ թուրքերը, դրա համար եք մեզ մատաղ անում․․․ թե չէ, գազից հրաժարվենք, որ անկախ լինենք․․․

Հարցն այն է, որ էս հարցի անգամ քննարկումը միայն իրենց ժամանակ սկսվեց ու սրվեց։ Էդ ներկրումն էլ, արտահանումն էլ ռուսական գազն էլ միշտ է եղել, ուղղակի սրանք գործընկերությունը, ռազմական դաշնակցությունը բերեցին հասցրեցին կախյալի մասին խոսակցության։ Դուք ինքներդ տեսակով, բնույթով երբեք անկախ չեք եղել ու չեք լինի ու խոսքը անձնապես ձեր մասին է՝ թե՛ որպես անհատ գործիչներ, թե՛ որպես կուսակցություն։ Ուղղակի հիմա էլ երկիրն եք մտցնում ձեր կարգավիճակ։

Կարճ ասած՝ մեզ՝ լրագրողներիս հաճախ են ասում՝ մի՞թե կարելի է էս աբսուրդ բաներին արձագանքել, չլսելու տվեք, ծիծաղեք, անցնի-գնա։ Այո, կարծում եմ՝ պե՛տք է արձագանքել, քանի որ երբ չենք արձագանքում, նման հիմարություններն այնքան են կրկնում, մինչև մարդկանց մի հատված սկսում է համոզվել, որ այո, ավելի լավ ա գազ չունենալ, բայց լինել ինքնիշխան, հաց չունենալ, բայց լինել ինքնիշխան՝ առանց մտածելու, որ դրանք տարբեր բաներ են։ Կարելի է ամեն ինչ ունենալ և լինել ինքնիշխան, բայց միաժամանակ հրաժարվել ամեն ինչից, այդ թվում՝ ինքնիշխանությունից։

Դրա համար էլ էս օրին ենք, որ տարեց Ռաշիդ Բեգլարյանին Բաքվում 15 տարվա են դատապարտում, իսկ մեր երկրի ղեկավարը հեծանիվ է քշում՝ մեզ համոզելով թե էդ ա ճիշտը։

 

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ