«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս մարտի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է ստորագրեին պայմանագիր, որով ընկերության փայաբաժնից 12.5 տոկոսը պետք է տրվեր կառավարությանը։ Այսինքն՝ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացին հանդիսավորություն էին հաղորդել, կարես ոչ թե հանքարդյունաբերության ոլորտի մասնավոր ընկերությունից փայաբաժին ստանալու մասին էր խոսքը, այլ, ասենք, Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական դաշնակցային պայմանագիր ստորագրելու։
Միջոցառմանը հրավիրվել էին ԶԼՄ-ներ, ինչի մասին վաղօրոք հանդիսավորությամբ հայտարարել էին, սակայն բուն միջոցառման օրը ԶԼՄ-ներին տեղեկացրել էին, որ միջոցառումը տեխնիկական պատճառներով չեղարկվում է։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Էկոնոմիկայի նախարարություն՝ հարցնելով , թե այդ ի՞նչ տեխնիկական խնդիրներ են, որոնք շուրջ 1 ամիս է հնարավոր չի լինում հարթել։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
Մնում է պարզել, թե այդ ինչ տեխնիկական խնդիր էր, որի պատճառով չեղարկվեց անոնսված միջոցառումը եւ ինչպես հարթվեց այն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը