11 08 2018

Վարչապետի գտած կախարդական փայտիկը վիճակագրական կոմիտե՞ն էր

Վարչապետի գտած կախարդական փայտիկը վիճակագրական կոմիտե՞ն էր

Երբ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կախարդական փայտիկ կա և սկսել է իր գործն անել, տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանում հրաշքներ են լինելու:

Հուլիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց Վիճակագրական կոմիտեի և Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարներին պարգևատրելու մասին: Օգոստոսի 1-ին էլ Ֆինանսների նախարարության և ՊԵԿ գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներ Վազգեն Հարությունյանը և Էդգար Գևորգյանը ստացան պարգևատրումներ: Առիթը 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականն էր: Լավ արդյունք են ապահովել: Կեցցեն:

9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք: Իհարկե՝ դա ոչ թե փայլուն աշխատանքի արդյունք է, այլ մեծ մասով՝ ակամա. Գյուղատնտեսական տարին վաղ սկսեց՝ Աստծո կամոք, ծիրանի բերքն առատ էր, կողքից էլ միացավ եղավ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Այլապես արդյունաբերությունը դանդաղ է աճել, հատկապես՝ հանքարդյունաբերությունը՝ նվազել 6,8 տոկոսով, արտահանումը ևս քչացել է, օտարերկրյա ներդրումները հուսադրող չեն ու բազմաթիվ ցուցանիշներ ցածր են, բայց հանկարծ՝ 9.6 տոկոսանոց ցուցանիշ ...

Նախկինում այս կարգի տարբերություններն անկախ մասնագետները բնորոշում էին որպես նկարչություն: Այսօր ևս ականատեսն ենք որ՝ ԱՎԾ-ն, ցավոք, չի թարկել նկարելու բնավորությունը:

Բերենք ընդամենը մեկ թիվ.

Ըստ նախնական՝ 20.07.2018թ. դրությամբ հավաքագրված արդյունքների՝ 2018թ. հունիսին, 2017-ի նույն ամսվա համեմատ, միջին ամսական անվանական աշխատավարձն անկում է գրանցել 6,1տոկոսով: Իսկ արդեն տաս օր հետո հրապարակված ցուցանիշներում տեսնում ենք, որ նույն համեմատության դեպքում միջին աշխատավարձն աճել է 4,9 տոկոսով: Վիճակագրության մեջ ընդունված է «վիճակագրական սխալի» եզրույթ , որը, ըստ ընդունված կարգի, կարող է լինել 1 կամ 2 , կախարդական փայտիկի առկայության դեպքում՝ երբեմն երեք տոկոսի սահմաններում, բայց ոչ երբեք՝ 11 տոկոս, այն էլ՝ 10 օր առաջ հրապարակած՝ թեկուզ և նախնական ցուցանիշի համար:

Համադրել ենք նաև նախորդ տարվա հուլիս 20-ի հրապարակած տվյալները նույն տարվա օգոստոսի տվյալների հետ, որտեղ հուլիսի տվյալներն արդեն շտկված են և այնտեղ իսկապես սխալմունքի չափը համապատասխանում է ընդունված վիճակագրական սխալի տիրույթին, այսինքն՝ 1-2 տոկոսի սահմաններում է:

Վերոնշյալ հուլիսյան երկու փաստաթղթերում ականտես ենք լինում ևս մի վիճակագրական և մաթեմատիական նոնսենսի. ըստ հուլիսի 20-ի տվյալների՝ միջին ամսական աշխատավարձի աճը հունիսը մայիսի նկատմաբ կազմել է 1,3 տոկոս (այն դեպքում, երբ ըստ նույն փաստաթղթի` կար 6,1 տոկոս անկում նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ), իսկ արդեն տասն օր հետո հրապարակված փաստաթղթում չնայած գրվել էր 4,9 տոկոս աճի մասին, այս տարվա հունիսը մայիսի նկատմամբ աճը մնացել էր 1,3 տոկոս:

Իսկապես կախարդական մաթեմատիկա. տվյալների 11 տոկոս փոփոխության դեպքում ընդհանուր միջին տվյալը ոչ մի փոփոխություն չի կրում: Սա արդեն կախարդական փայտիկ չէ, սա ամենայն հավանականությամբ կախարդական գերան է:

Թող աճի, դեմ չենք, բայց նախնական ու արդեն վերջնական ցուցանիշների նման տարբերությունը զարմանալի է: Նշանակում է՝ կամ ԱՎԾ փորձագետները հսկայական շեղում են տվել շտապ հավաքագրված և արդեն ամբողջական վերլուծված ցուցնանիշների միջև, կամ սա պատահական շեղում չէ և ունի նպատակ:

ԱՎԾ տնօրեն Ստեփան Մնացականյանը բազմիցս է քննադատության ենթարկվել՝ ցուցանիշների նկարման մեջ մեղադրվելով: Եվ տարակուսանքի արժանացավ նրան նույն պաշտոնին վերանշանակելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը: Կամ ԱՎԾ-ն անվանափոխվելու և վիճակագրական կոմիտե դառնալու արդյունքում նոր աշխատաոճ էր որդեգրելու, կամ էլ նա այն պահեստային ուժն է, որ եթե հանկարծ հեղափոխությունը տնտեսական ցուցանիշներով դրական չլիներ, գործի էր անցնելու:

Նոր կառավարությունը դեռ սոցիալ-տնտեսական որևէ էական՝ տեսանելի առաջընթաց չի ապահովել, միաժամանակ՝ թվերը չեն համընկնում հեղափոխական եռանդին: Ուրեմն տրամադրությունը չփչացնելու համար պետք է նոր վրձին, որը հանձնվել է վիճակագրական կոմիտեին: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի գտած կախարդական փայտիկը նույն նախկինների ԱՎԾ-ն էր, որը վաղուց օգտագործում էին նախորդ կառավարությունները՝ նույն տրամաբանությամբ:

Այդ կախարդական փայտիկը նման է ջինին, որը միայն սուրճ է պատրաստում:

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ