«ԱՄՆ-ի հետ վարժանքներ անցկացնելու Հայաստանի ծրագրերն ու ՀԱՊԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչի նշանակումը Նիդեռլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնում ցուցադրական քայլեր են, որոնք պետք է Ռուսաստանին հուշեն, որ Երևանը ձգտում է դեպի Արևմուտք թեքվել»,- «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն:
«Նիկոլ Փաշինյանը սկսում է փորձարկել Ռուսաստանի համբերությունը՝ ձեռնարկելով մի շարք ցուցադրական քայլեր, որոնք ակնհայտորեն անընդունելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Քայլերը պետք է խորհրդանշեն Հայաստանի վերակողմնորոշումը ռուսական վեկտորից դեպի արեւմտյան։ Սա հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է փորձագետը՝ հավելելով․ «ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա, բայց քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել կազմակերպությունից, փորձագետն այդ բոլոր քայլերը դիտարկում է որպես շանտաժի տարր»:
Հիշեցնենք, որ Հայաստանը մի քանի անգամ հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժություններից, սակայն այսօր՝ սեպտեմբերի 6-ին հայտարարվեց հայ-ամերիկյան զորավարժությունների մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը