20 07 2018

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ն տուգանվել է 10 միլիոն դրամով

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ն տուգանվել է 10 միլիոն դրամով

«Ա և Գ» ՍՊԸ-ն «Nemiroff» ապրանքային նշանով կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից տուգանվել է 10 միլիոն դրամի չափով: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, տեղեկացրել է ՏՄՊՊՀ մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը։

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ «Ա և Գ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Այս առնչությամբ ՏՄՊՊՀ պաշտոնյան նշել է, որ  ընկերությունը գրանցված է Տիչինայի երրորդ նրբանցք հասցեում, դա նույն  հասցեն է, ինչ «Ալեքս Գրիգ» ընկերությունը: «Բայց մնացած առումներով իրենից հետո որևէ փոխկապակցվածության  էլեմենտներ չկան և դա բավարար չէ, որ  ընկերություններին համարենք նույն անձանց խումբը, տնօրեններն են տարբեր, սեփականատերերն են տարբեր և կրկնվող էլեմենտներ չկան»,-ասել է նա: 

«Պարզել ենք, որ այո, հայկական շուկայում առկա են «Nemiroff» ապրաքնային նշանով օղիներ, որոնք արտադրում է մեկ այլ ընկերություն,  կոնկրետ այս դեպքում «Ա և Գ» ընկերությունն է, որը արտադրում է «Nemiroff» ապրանքային նշանի օգտագործմամբ  «Український мед» անվանումով օղիներ և այդ օղիների արտադրման և իրացման գործընթացում «Nemiroff» ապրանքային նշանի օգտագործման իրավունք չունի»,-ասաց Մանասերյանը։ ՏՄՊՊՀ պաշտոնյան նշել է՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  օղիները ձեռք են բերվել «Երևան Սիթի» սուպերմարկերտներից: 

Սա «Ա և Գ» ընկերության կողմից օղիներ կեղծելու և ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանվելու առաջին դեպքը չէ: Արման Մանասերյանը հիշեցրել է, որ նախկինում «Ա և Գ» ընկերությանը կրկին օղիներ կեղծելու համար տուգանել են 5 մլն դրամի չափով «Хлiбний Дар»  և «MEDOFE» օղիները կեղծելու համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ