07 05 2018

Հարկային ու մաքսային մուտքերն աճել են. Պաշտոնական թվեր

Հարկային ու մաքսային մուտքերն աճել են. Պաշտոնական թվեր

2018թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է աննախադեպ ցուցանիշ` 14.5 միլիարդ դրամով գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը: Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվականը:

Պետական բյուջեի եկամուտը կազմել է շուրջ 390 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 7.5 տոկոս կամ 27.3 միլիարդ դրամի աճ: Ապրիլին ՊԵԿ-ն ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ, որից 108.3 միլիարդ դրամը գանձվել է հարկային, իսկ 22 միլիարդ դրամը մաքսային մարմինների կողմից: 50 միլիարդ դրամով նվազել են գերավճարները:

Ապրիլին 9 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ է վերադարձվել բիզնեսին:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել ապրիլի ցուցանիշները՝ հանձնարական տալով մայիսին և 2018-ի ընթացքում նույնպես պահպանել առաջանցիկ տեմպերը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների արտաքին առևտրաշրջանառության և պետական եկամուտների ցուցանիշներն աճ են գրանցել՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2018-ի չորս ամիսներին պետական բյուջե է մուտք եղել 418.5 միլիարդ դրամ հարկային եկամուտ՝ 2017-ի նույն ժամանակաշրջանի 363.5 միլիարդ դրամի համեմատ: Եթե 2017-ի հունվար-ապրիլին մաքսային գանձումները կազմել են 81.6 միլիարդ դրամ, ապա 2018-ին՝ 90 միլիարդ դրամ: Ներմուծման ծավալը 2018-ի չորս ամիսներին կազմել է 1 միլիարդ 333.6 միլիոն դոլար՝ 2017-ի 930.5 միլիոն դոլարի դիմաց: Արտահանման ծավալն էլ կազմել է 765 միլիոն դոլար (2018)՝ 588.2 միլիոն դոլարի (2017) համեմատ:

Հարկային եկամուտները աճել են 55 միլիարդ դրամով (15.1 տոկոս), մաքսային գանձումները՝ 8.4 միլիարդ դրամով (10.3 տոկոս), ներմուծումը՝ 403.1 միլիոն դոլարով (43.3 տոկոս), արտահանումը՝ 176.8 միլիոն դոլարով (30.1 տոկոս):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ