22 02 2024

Ինչու է խոշոր մասնավոր ընկերությունների բաժնետոմսերի մի մասը հայտնվում կառավարության տնօրինության տակ. «Փաստինֆո»

Ինչու է խոշոր մասնավոր ընկերությունների բաժնետոմսերի մի մասը հայտնվում կառավարության տնօրինության տակ. «Փաստինֆո»

ՔՊ-ական պարտգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չի մտաբերում պատմության մեջ մի դեպք, երբ կայացած մասնավոր ընկերությունը որոշի ինքնակամ սեփական բաժնետոմսերը նվիրել պետությանը։

Նշենք, որ նախ՝ կասկածելի գործարքի արդյունքում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի մի մասը հայտնեց կառավարության տնօրինության տակ, ապա՝ «Լիդիան Արմենիա» ընկերության ու ՄՏՍ-ի։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Թունյանը նշեց, թե գիտի շատ օրինակներ, երբ պետությունը «փայ է կազմում» մասնավոր ընկերության կամ ամբողջութամբ դրա սեփականատեր է, հատկապես, երբ այդ ընկերությունները ստրատեգիական ոլորտներում են գործում։

«Ես՝ ինքս նման օրինակներ, երբ եղել է մասնավոր, հետո դարձել է պետական, կարող է փնտրեմ գտնեմ կամ չգտնեմ, բայց ամեն երկիր իր դինամիկան ունի, որ նայենք մեր պատմությունը, թե ոնց են ընկերությունները ի սկզբանե եղել պետական, հետո դարձել մասնավոր, հետո ոնց են դարձել մեկ այլ սեփականատիրոջը ու ոնց ենք հասել էս վիճակին՝ էդ առումով էլ կարող է մենք ունիկալ լինենք»,- նշել է Թունյանը՝ ավելացնելով, որ որևէ կրիմինալ, որ ընկերությունը՝ որպես բարի կամքի դրսևորում, որոշում է բաժնետոմսերի մի մասը զիջել պետությանը՝ չեմ տեսնում»։
Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ սա պետական ռեկետ է, նա ընդգծեց, որ սա որևէ դեպքում պետական ռեկետ չի, որովհետև ռեկետն այն է, երբ որևէ մեկը ստիպում է մարդուն դա անել։

Հարցին, թե արդյոք վստահ է, որ որևէ պարտադրանք կամ մասնավոր զրույց չի եղել՝ նա ասաց, որ խոսում է իր տեղեկությունների մասին։ «Իմ վստահությունը նաև հիմնված է իմ քաղաքական թիմի նկատմամբ վստահության վրա»։
Նկատենք, որ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարության աշխատակազմը չէր կարողացել մատնանշել զարգացած երկրի որեւէ փորձ, որտեղ կայացած ու շահութաբեր ընկերությունը հանկար որոշի, որ իր բաժնետոմսերի մի մասը հենց այնպես պետք է «նվիրի» կառավարությանը։

Արդյո՞ք մեր պատմությունը, «ԱՆԻՖ» օրինակը չեն վկայում այն մասին, որ պետությունը արդյունավետ կառավարիչ կամ ներդրող չէ, իսկ որ ԱՆԻՖ-ը բարձր աշխատավարձեր տրամադրելով ֆինանսները արդյունավետ չի կառավարել, արձանագրել է անգամ Պետական վերահսկողական ծառայությունը, որի արդյունքներով նաեւ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Բաբկեն Թունյանը որպես արձագանք նշեց, որ պետությունը շատ փոքր մաս ունի և պետության կողմից կառավարմանը մասնակցությունը շատ սահմանափակ է։ «Այսինքն, այնտեղ որոշումները կայացվում են պրոֆեսիոնալ կառավարիչների կողմից։ Դա նույնն է, որ օրինակ մի ընկերություն որոշի իր բաժնետոմսերի 30 տոկոսը բորսայի միջոցով վաճառել և 1000-ավոր մարդիկ դա գնեն։ Այսինքն, կա կորպորատիվ կառավարում և այդ բաժնետերերը միասին ընդունում են կորպորատիվ կառավարման համակագը, մշակում են պրոֆեսիոնալ կառավարիչների, որոնք այդ գործերով զբաղվում են»։
Հիշեցնենք, որ 2021 թ-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ի նոր սեփականատերը բաժնետոմսերի մի մասը նվիրել է կառավարությանը։

2024 թի հունվարին կառավարության նիստում հայտարարվեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերվի Հայաստանի կառավարությանը, թեեւ տարիներ շարունակ վերջինս չէր կարողացել ապահովել ընկերության անչափան աշխատանքը։ Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը։

2024 թ-ի հունվարին նաև «ՄՏՍ Հայաստան»-ը հայտարարեց, որ բաժնետոմսերի 20 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը։ Ընդ որում՝ նման որոշում է կայացվել, երբ ՀՀ իշխանությունները թույլատրեցին բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքը, թեեւ ավելի վաղ մերժվել էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ