12 12 2023

Շուրջ 5000-ից ավելի արցախցի դիմել է կենսաթոշակի համար

Շուրջ 5000-ից ավելի արցախցի դիմել է կենսաթոշակի համար

Երեկվանից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ընդունում է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակների նշանակման դիմումները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Կառավարության «Հումանիտար կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նրանք նախ պետք է Հայաստանում հաշվառվեն. «Հնչում են դժգոհություններ հերթերի հետ կապված: Ես իրենց պետք է խորհուրդ տամ՝ հաշվառվելու համար չդիմել առցանց եղանակով: ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար գործում է առանձին ռեժիմ, անհրաժեշտություն չկ առցանց հերթագրվել, կարող են ուղղակի ներկայանալ տեղամասային անձնագրային բաժանմունք, որտեղ ավելի անգացված ընթացակարգով իրենց հաշվառումները կիրականացնեն: Ի դեպ, նրանք աշխատում են նաեւ շաբաթ օրերին:

Հաշվառվելուց հետո, մենք երեկվանից գործարկել ենք առցանց դիմումների հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի ներկայացնել կենսաթոշակի նշանակման դիմումները: Արդեն 5000-ից ավելի դիմում ենք ընդունել: Այսօր առավոտվա տվյալներով բավարարվել է 2118 անձի մասով դիմումները: Նրանց կենսաթոշակների վճարումներն առաջիկա օրերին տեղի կունենան: Վճարումները լինելու են հոկտեմբերի 1-ից սկսած, դեկտեմբերը ներառյալ: Շուրջ 2800 դիմում մերժվել է»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով մերժման պատճառներին, նա ասաց. «25 հոգու դեպքում շահառուն չի հանդիսացել թոշակառու: 34-ի դեպքում ԼՂ կենսաթոշակային բազայում կենսաթոշակի վճարումը դադարեցված է եղել, այս դեպքում գործընթացը պետք է վերսկսվի ՀՀ-ի համար գործող ընթացակարգով: 117 հոգի կրկնակի դիմում է ներկայացրել, 217 հոգու դեպքում կենսաթոշակային տվյալների բազայում առկա չէ կենսաթոշակի էլեկտրոնային գործը: 556 հոգի չի հանդիսանում ժամանակավոր պաշտպանություն ունեցող անձ եւ 875 հոգու դեպքում դիմողի տվյալները չեն հայտնաբերվել բնակչության պետական ռեգիստրում: Իսկ ամենաշատ մերժումները ՀՀ բնակության հասցեում հաշվառում չունենալու հիմքով է»,-ասաց փոխնախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ