Այս շաբաթվա ընթացքում իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 22 հազար 164 անձի կենսաթոշակների նշանակում և վճարում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 9-ին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ կենսաթոշակների վճարումները սկսվել են երեկվանից։
«Իրականացվել է նաև նպաստների նշանակում և վճարում։ Նպաստներ են վճարվել 1131 անձի։ Խոսքը՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար նպաստների մասին է»,-պարզաբանել է Մանուչարյանը։
Անդրադառնալով բնակվարձի և կոմունալ վճարումների համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարումներին, նա տեղեկացրեց, որ հունվար ամսվա համար արդեն իրականացվել են 96 հազար 821 հայրենակցի աջակցության վճարումները։
«Եթե ինչ-ինչ պատճառներով մեր հայրենակիցները չէին ստացել նախորդող ամիսների վճարները, ապա տեղեկացնեմ, որ վճարման գործընթացները շարունակվում են, այսինքն՝ զուգահեռաբար կշարունակենք փոխհատուցել նաև այդ վճարները»,-պարզաբանեց նախարարի խոսնակը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 100 հազար դրամի չափով սոցաջակցությունն արդեն իսկ վճարվել է 112 հազար 765 անձի, իսկ 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար վճարում իրականացվել է 108 հազար 857-ին, նոյեմբերի համար՝ 87 հազար 568-ին, դեկտեմբերի համար՝ 93 հազար 787 անձի։
Մանուչարյանը նշել է, որ ծրագիրը վեցամսյա է և կշարունակվի մինչև մարտ ամիս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը