Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վերջին օրերին հնարավոր բոլոր հարթակներից բարձրաձայնում եմ, որ Հայաստանում առանց որևէ օբյեկտիվ պատճառների և տնտեսագիտական հիմնավորումների թանկացել է դիզվառելիքի, բենզինի, հեղուկ գազի գինը։
Քիչ առաջ տեղեկացա, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը անդրադառնալով հարցին՝ արձանագրել է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը:
Դեռ ավելին, հաղորդագրության մեջ նշված է, որ Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարողների հետ և, որ, գների բարձրացմանը զուգահեռ տնտեսավարողները նվազեցրել են իրենց շահույթը՝ նպատակ ունենալով ստեղծված պայմաններում հնարավորինս մեղմել գների ավելացումը:
Նախ նշեմ, որ ես անդրադարձել էի նաև հեղուկ գազի թանկացմանը, բայց իրենց «ձեռնտու» է եղել անդրադառնալ միայն բենզինի խնդրին։
Ստացվում է, որ Հանձնաժողովը իբրև թե կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ թանկացումները օբյեկտիվ հիմքեր ունեն։ Մինչդեռ, այսպիսի հայտարարությունները հիմք կարող են հանդիսանալ, որպեսզի տնտեսվարողները է՛լ ավելի բարձրացնեն բենզինի և հեղուկ գազի գինը։
ՄՊՀ-ն, փաստորեն, պաշտպանում է ոչ թե քաղաքացու, այլ միայն խոշոր բիզնեսի շահերը՝ չկատարելով իր պարտականությունները։
Սա անընդունելի է, և ես շարունակելու եմ պահանջել, որպեսզի թանկացման պատճառները պարզելու համար իրականացվի օբյեկտիվ ուսումնասիրություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը