08 02 2022

Դատարանի վճիռը հակասական է․ ինչպե՞ս կարելի է արդյունքները չվիճարկել , բայց որոշումը վիճարկել․ «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ



«Դատարանի վճիռը հակասական է․ այդ վճռի առաջին մասով խոսվում է  այն մասին, որ ավագանու որոշումը  պետք է բեկանվի, սակայն երկրորդ մասով չի վիճարկվում  դրա արդյունքերը․ ինչպե՞ս  կարելի է արդյունքները  չվիճարկել , բայց որոշումը վիճարկել ։ Սա, իհարկե, աբսուրդի ժանրից մի վճիռ է, որի կայացմանը, երևի, նպաստել է այն, որ  Աշոտ Երկաթի մասով  վճիռը  կայացնող դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցվեց և այս  առումով բոլոր դատավորները  կաշկանդված էին, և վարչական դատարանի դատավորը ստիպված այնպիսի քայլ կատարեց, որ իրենից հեռու պահի նման հնարավոր  որոշումը և  այլ մարդիկ որոշում կայացնեն»,-այս մասին նշեց  «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ, ՀՅԴ Վարդենիսի կոմիտեության անդամ  Դավիթ Շահնազարյանը՝ լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով, եթե վարչական դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում և բեկանվում է  ավագանու թիվ 1 որոշումը, ապա  նշանակում է, որ պետք է  ավագանու նոր՝ առաջին նիստ գումարվի , որի օրակարգը միակն է՝  համայնքի ղեկավարի ընտրություն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը 10 մանդատ, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ 5: Ելնելով ընտրության արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն էին ստորագրել: Դեկտեմբերի 30-ին ավագանու նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը, որին այդպես էլ նախկին համայնքապետը՝ իշխանության ներկայացուցիչը, չհանձնեց կնիքն ու բանալիները։
ՔՊ-ն վիճարկել էր ավագանու նիստում համայնքի ղեկավար ընտրելու մասին որոշումը, միաժամանակ պահանջելով նաեւ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

Վարչական դատարանի փետրվարի 2-ին մասնակի բավարարել էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ ՔՊ-ի ներկայացրած հայցը՝ անվավեր համարելով վճիռը` Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին ընտրելու վերաբերյալ ավագանու որոշումը, իսկ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասով հայցադիմումը՝ մերժել։

Վարդենիսում այսօր կրկին ավագանու նիստ էր հրավիրվել, որին ՔՊ-ն չէր մասնակցել, ընդդիմությունը, որը ունի բավարար քվե Վարդենիսում համայնքային իշխանություն ձեւավորելու համար, այսօր հայտարարել է, որ դատարանի այդ որոշումը չեն վիճարկելու՝ հաշվի առնելով համայնքում ստեղծված վիճակը, կուտակված հարցերը, որոնք անհապաղ լուծում են պահանջում ու ոչ էլ մանդատները վայր կդնեն։

 Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ