30 12 2021

Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստից առաջ իրավիճակը թեժացել է



Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստից առաջ իրավիճակը թեժացել է․ այն ուղեկցվել է հրմշտոցով , սպառնալիքներով: 

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Վարդենիս խոշորացված համայնքում Քաղաքացիական պայմանագիրը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։ Ապա  «Միասնական Վարդենիսի» առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, և նա կալանավորվեց։ Իշխող թիմը վերահաշվարկից հետո համայնքապետ ընտրելու հնարավորություն ստացավ։ Ընդդիմադիրները, սակայն, նույնպես վերահաշվարկ պահանջեցին և  ընտրությունների այդ արդյունքները բողոքարկել են դատարանում։ 

Ընդդիմադիր երկու թիմերը՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները որոշել են ուղղակի թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ի ներկայացուցիչն ընտրվի համայնքապետ․ քրեակատարողական հիմնարկում ցուցակի առաջին համարը՝ Արամ Հարությունյանը, ինքնաբացարկի դիմում է գրել և հանձնել է դիմումը հիմնարկի ղեկավարությանը։ Մանդատների բաշխումից հետո այս ինքնաբացարկը պետք է քննարկվի և Արամ Հարությունյանի մանդատը պետք է անցնի «Միասնական Վարդենիս» դաշինքի հաջորդ համարին, և վերկանագնվի մանդատների 14/13 հարաբերակցությունը։ Մինչ այդ 13/13 էր, քանի որ Արամ Հարությունյանը կալանավորված էր և չէր կարողանալու մասնակցել ավագանու նիստին, և ՔՊ-ն հույս ուներ, որ կանցնի տարիքով ավագը՝ իրենց թեկնածուն, բայց ընդդիմադիրները թույլ չեն տալիս, որ այդպես լինի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ