«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ դատարանը վերջապես որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Շուրջ մեկուկես տարի ընթացող քննությունն ու դատավարությունը ոչ մի կերպ ավարտին չեն հասնում, իսկ նրա առողջական վիճակն օր օրի վատանում է։ 2 օր առաջ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժին։ Թերեւս իշխանությունները հասկացան, որ բազում հիվանդություններ ունեցող մարդը կարող է բանտում մահանալ, եւ դա կլինի հերթական խայտառակությունը հետհեղափոխական Հայաստանի համար, որտեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, սակայն մեղքն ապացուցել չի հաջողվում, եւ դատական վերջնական ակտ դեռ չկա ոչ մի գործով։
Մի խոսքով՝ դատարանը, քննելով դատախազության միջնորդությունը, որոշեց փոխել խափանման միջոցը ստորագրությամբ։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ դատախազությունը, եթե գործը վաղուց դատարանում է, եւ դատարանը կարող էր անել իր նախաձեռնությամբ, կամ փաստաբանների հարյուրավոր միջնորդություններից մեկը բավարարելու ճանապարհով։ Ակնհայտ է, որ սա եւս այն իրավական վիճակի արտացոլումն է, որն այսօր տիրում է Հայաստանում։ Մի կողմից՝ այս քայլով փորձում են բարձրացնել դատախազության հեղինակությունը, մյուս կողմից ասել, որ երկրում «ասողը» դատախազն է, այլ ոչ թե դատավորը կամ փաստաբանը։
Այս որոշման մեջ մի ասպեկտ էլ կա․ պարզ է, որ 2018-ի հունիսի 16-ին գեներալ Մանվելին ձերբակալելով եւ «մերկացնելով»՝ իշխանությանը թվում էր, թե «ազգի թշնամուն» է բացահայտել։ Բոլորը հիշում են Նիկոլ Փաշինյանի հայտնի լայվը, որով ազդարարեց «դարի հանցագործության» մասին։ Իսկ թե ինչու մեկուկես տարի շարունակ այդ հանցագործության դատավճիռը չի արձակվում, պարզ չէ։ Ի դեպ, երեկ երեկոյան տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանին արհեստական շնչառության ապարատին են միացրել, եւ նրա ապրելու շանսերը շատ փոքր են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը