03 12 2021

ՀՅԴ Երևանի ՔԿ հայտարարությունը՝ 2008 թվականի մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի կառուցմանը 96,4 միլիոն դրամ հատկացնելու կապակցությամբ

ՀՅԴ Երևանի ՔԿ հայտարարությունը՝ 2008 թվականի մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի կառուցմանը 96,4 միլիոն դրամ հատկացնելու կապակցությամբ

2008 թվականի մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի կառուցմանը 96,4 միլիոն դրամ հատկացնելու մասին Երևանի ավագանու որոշման կապակցությամբ հայտարարություն է տարածել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն։ 

«2020 թվականի սեպտեմբերի 8-ի Երևան քաղաքի ավագանու N 268-Ա որոշմամբ կտեղադրվի 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան: 2021 թվականի նոյեմբերի 30-ի Երևանի ավագանու որոշմամբ 96,4 միլիոն դրամ կհատկացվի այս հուշարձանի կառուցման ու տեղադրման համար: Որոշումն ընդունվեց 42 կողմ և 1 ձեռնպահ ձայներով և հարցի քննարկման ժամանակ չհնչեցին ոչ հարցեր, ոչ առաջարկություններ և ոչ առարկություններ՝ քննարկում չկար:

Ամենայն հարգանքով զոհերի հարազատների վշտի և կորուստի հանդեպ, հուշարձաններն իրենց մեջ կրում են որոշակի գաղափարաբանական և դաստիարակչական խորհուրդ՝ ուղերձ են հղում հասարակությանը և դաստիարակում սերունդներին: Անկասկած, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեր նորօրյա պատմության մաս են և ցավ են մեզ համար և, անկախ քաղաքական տեսակետներից, 2020 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման մասին ոչ մի արտահայտություն չարեցինք։

Սակայն մի քանի օր առաջ Երևանի ավագանու և քաղաքապետի կողմից կայացված որոշումը՝ 96,4 միլիոն ՀՀ դրամ հատկացնել այդ հուշարձանի կառուցմանը այն պայմաններում, երբ առաջին որոշումից անցել է մեկ դաժան տարի, ունեցել ենք պատերազմ, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, պատերազմի հետևանքով տեղահանված ու կարիքավոր ընտանիքներ, երբ մայրաքաղաքը չի հավերժացրել 44-օրյա պատերազմի ընթացքին հայրենիքի սահմանների պաշտպանության համար թշնամու գնդակով զոհված զինվորի և կամավորի հիշատակը, երբ նույն Երևանում ունենք լրջագույն խնդիրներ՝ սկսած կիսաքանդ պոլիկլինիկաներից, դպրոցներից, մանկապարտեզներից, քաղաքային ենթակառույցներից և բազմաթիվ այլ խնդիրներ, պարզապես անբարոյականություն է։

Երևանի ավագանու և քաղաքապետի կողմից կայացված որոշումը

Թեև եզրափակիչ մեր հարցը պետք էր ուղղել Երևանի Ավագանու մեծամասնությունը կազմող «Իմ քայլը» խմբակցության ու ազգը «սևերի» և «սպիտակների» բաժանող քաղաքապետին, սակայն հասկանալով որ դա անշնորհակալ գործ է, հարցն ուղղում ենք Երևանի ավագանիում «ընդդիմադիրներին»․ 96,4 միլիոն ՀՀ դրամը ավելի արդունավետ ծախսելու ոչ մի առաջարկ չունեի՞ք։

Մեկնաբանությունները թողում ենք Ձեզ, սիրելի երևանցիներ...»,-նշված է հայտարարությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ