Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող շարունակական վայրագություններն ու վանդալիզմը:
Հայտարարությունում նշված է․
«Հայաստանի և հայ ժողովրդի սերնդեսերունդ մեզ փոխանցված պատմական և մշակութային հարստությունն այսօր վտանգի տակ է և անօրինական ու անմարդկային գործողությունների է ենթարկվում Ադրբեջանի կողմից:
Արցախի ու տարածաշրջանի մշակութային ժառանգությունը վերջին 30 տարիների ընթացքում անդառնալի կորուստներ է կրել Ադրբեջանի կողմից, հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20000 գերեզմաններ և ավելի քան 5 000 խաչքարեր։
2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 պատմական և մշակութային հուշարձան, հիմնականում՝ հայկական, Ադրբեջանը զգալի չափերով և միտումնավոր վնաս է հասցրել հայկական մշակութային ժառանգությանը։
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համակարգված բնույթը
Այս գործողությունները վկայում են հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգված քայլերի մասին, որոնք վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային արժեքները:
Դատապարտելի է, որ Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Արցախում միջազգային իրավունքների խախտմամբ, հետևողականորեն ջնջում է ոչ միայն հայկական ներկայությունը և պատմությունը Արցախի տարածքում, այլ նաև համաշխարհային պատմության ու մշակույթի մեծագույն երաշխավորներ հանդիսացող այլ պետությունների հայազգի քաղաքացիներին առնչվող համալիրներն ու արձանները։ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհերն են Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանի արձանը, Ամերիկայի քաղաքացի՝ մեծ բարերար ու գյուտարար Ալեք Մանուկյանի արձանը Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարևանությամբ գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Ֆրանսիայի քաղաքացի լեգենդար Շառլ Ազնավուրի հուշարձանը։
Հանրահայտ է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը մշակութային օբյեկտների պաշտպանությունը զինված ընդհարումների ժամանակ իրենց պաշտպանության տակ են վերցնում, իսկ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում: Բայցևայնպես, հայկական հետքը վերացնելու ադրբեջանական մոլուցքը չի ճանաչում մարդկային ու համամարդկային, միջազգային ու ներպետական, համաշխարհային ու բարոյական և ոչ մի սահման։
Տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց զերծ մնալու՝ Ադրբեջանին ուղղված միջազգային կառույցների կոչերն ու բանաձևերը, որոնց հիմքում ընկած են միջազգային այնպիսի կարևոր փաստաթղթեր ու հանրահայտ սկզբունքներ, ինչպիսիք ենԱրդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշումները, ԵՄ Խորհրդի եզրակացությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներն ու հռչակագրերը, ՄԱԿ-ի, Հաագայի կոնվենցիաներն ու արձանագրությունները, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», միջազգային կոնվենցիաներն ու Եվրոպական միության սկզբունքները, շարունակում են մնալ անհետևանք։
Չնայած իրավիճակի լրջությանը՝ մշակութային հուշարձանների ոչնչացման փաստերը հաստատող միջազգային լայնածավալ հետաքննություններ չեն իրականացվում։ Այնուամենայնիվ, միջազգային մի շարք կազմակերպություններ և երկրներ այս կապակցությամբ շարունակում են մտահոգություն հայտնել. Եվրախորհրդարանն ընդունել էԱդրբեջանի գործողությունները դատապարտող մի քանի բանաձևեր և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված կոչեր։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Amnesty International-ը, Human Rights Watch-ը և այլք մտահոգություն են հայտնել ավերածությունների մասին հաղորդումների վերաբերյալ և կոչ են արել անկախ հետաքննություն անցկացնել։
Մենք կոչ ենք անում մշակութային ժառանգության պահպանության միջազգային, տարածարջանային, ներպետական ու ազգային բոլոր դերակատարներին, մասնավորապես՝ UNESCO (United Nations Educational, Scientific and Cultural Organization), ICOMOS (International Council on Monuments and Sites), Blue Shield International, Council of Europe և իրավունքների բոլոր պաշտպաններին, անմիջապես միջամտել և կանխել այս սարսափելի գործընթացը:
Մեր պահանջն է, որ Ադրբեջանը դադարեցնի Արցախում գտնվող մշակութային ժառանգության ոչնչացումը և ապահովի մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտների պահպանումը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու չափանիշների համահունչ:
Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքները հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց պաշտպանելու ուղղությամբ։
Հայտարարությունը ընդունվել է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի(այսուհետև՝ Ցանց) կառավարման խորհրդի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 20-ին: Ցանցը հիմնադրվել է 2024 թվականի մարտի 20-ին։ Ցանցի հիմնական նպատակն է ուժեղացնել Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմները։
Ցանցի քարտուղարության գործառույթները իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի(այսուհետ՝ ԻՀԱ) կողմից։ ԻՀԱ-ն 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը