30 10 2021

ԿԽՄԿ-ն պատրաստակամ է աջակցելու 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ

ԿԽՄԿ-ն պատրաստակամ է աջակցելու 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը օգտագործում է պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին հիշեցնելու ցանկացած հնարավորություն և պատրաստակամ է աջակցելու 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այդ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորությունների մասին:

ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին անել ամեն հնարավորը՝ թե՛ 90-ականներից ի վեր, թե՛ վերջին սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու նպատակով։

«Պարբերաբար այցելում ենք հակամարտության վերջին սրացման առնչությամբ ազատազրկված անձանց, որոնց ազատազրկումը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Ձգտում ենք ապահովել, որ ազատազրկվածները կարողանան կապ պահպանել իրենց հարազատների հետ հաղորդակցության տարբեր միջոցներով։ Ազատազրկվածների հետ տեղի են ունենում մասնավոր հանդիպումներ՝ հնարավորություն ընձեռելով փոխանակել ընտանեկան բնույթի լուրեր Կարմիր խաչի ուղերձների, տեսաձայնագրությունների և հեռախոսազանգերի միջոցով։ Պատրաստակամ ենք նաև շարունակել կողմերի և ռուս խաղաղապահների հետ մեկտեղ տարվող որոնման և դուրսբերման աշխատանքները»։

Հարց. Ի՞նչն է, ըստ Ձեզ, խոչընդոտում հայ գերիներին Հայաստան վերադարձնելուն` չնայած Ժնևի կոնվենցիայի և 2020 թ. նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ համաձայնության պահանջներին, և ի՞նչ միջոցներ ունի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ գործընթացի վրա ազդելու համար։

Պատասխան. Ցանկանում եմ շեշտել, որ ԿԽՄԿ հանձնագիրը չի ենթադրում բանակցություններ վարել ազատազրկվածների ազատ արձակման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, լինելով չեզոք և անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն, պատրաստակամ ենք աջակցելու ազատազրկվածների վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ։ Մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն՝ հիշեցնելու պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին։

Հարց. Ըստ հայ իրավապաշտպանների ներկայացրած զեկույցի՝ հայ գերիները Բաքվում ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի, համակարգված ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, այդ թվում Ադրբեջանում գործող գրասենյակը հաշվի առնո՞ւմ են հայկական կողմի ներկայացրած փաստերը և քայլեր ձեռնարկո՞ւմ են հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։

Պատասխան. Թերևս գիտեք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար, գրեթե ամեն ամիս, այցելում են 2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին։ Այս այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է ազատազրկվածների հանդեպ վերաբերմունքը և ազատազրկման պայմանները՝ նպաստելով ընտանիքների հետ կապի պահպանմանը։ Միևնույն ժամանակ, ըստ մեր կազմակերպության գործելակարգերի, հանրայնորեն չենք մեկնաբանում արված դիտարկումները։ Այցելություններին առնչվող դիտարկումներն ու առաջարկները տրամադրվում են միայն պահող իշխանություններին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ