18 10 2021

Պետական հիմնարկների փողերի մասին ինֆորմացան որոշել են «փակել»․ Hraparak.am

Պետական հիմնարկների փողերի մասին ինֆորմացան որոշել են «փակել»․ Hraparak.am

hraparak.am-ը գրում է․

Հոկտեմբերի 5-ին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանում՝ հայտարարությունների ժամին, ուշագրավ վիճակագրություն հրապարակեց։ Պատգամավորն ուսումնասիրել է այս տարվա հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակը եւ հայտնաբերել, որ մեծաթիվ են պետական կառավարման մարմինները, այն էլ՝ բարձր հորիզոնականներում։ Որքան էլ զարմանալի է` 1000 խոշոր հարկատուների ցանկում 40-րդը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է։ 41-րդը Պետական եկամուտների կոմիտեն է, 79-րդը՝ Դատական դեպարտամենտը, վարչապետի աշխատակազմը 102-րդն է, ոստիկանությունը՝ 151-րդը, ոստիկանության զորքերը՝ 158-րդը, Ճանապարհային ոստիկանությունը՝ 164-րդը։ Դատախազությունը 182-րդ հորիզոնականում է, ՊՊԾ-ն՝ 331։

«Կարեւոր բան. պետական կառավարման մարմինների վճարածը 95 տոկոսով միայն եկամտահարկն է, ինչը բարձր աշխատավարձեր եւ մեծ թվակազմ է վկայում։ Ազգային անվտանգության ծառայությունը վճարել է 2 միլիարդ դրամ եկամտահարկ։ Այսինքն՝ այդ մարմինը վճարել է մոտ 10 մլրդ դրամ կամ 21 մլն դոլար աշխատավարձ»,- հաշվարկ էր արել Ա. Վարդանյանը։

Մինչեւ 2019թ.-ն Ազգային անվտանգության ծառայությունը չի եղել խոշոր հարկ վճարողների ցանկում, հայտնվել է 2020-ից սկսած։ «Փաստորեն, Ազգային անվտանգության ծառայությունը խոշոր հարկ վճարող է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո։ Այն այդ մարդու իշխանությունը պահելու հենարանն է՝ մյուս ուժային կառույցների հետ։ Պատվաբեր գործ չէ։ Եթե մյուս խոշորներն այս ցանկում հայտնվում են, եկամտահարկից բացի նաեւ շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ վճարելու համախմբված ցուցանիշով, ապա պետական մարմիններն առաջատար ընկերություններից բարձր դիրքեր են զբաղեցնում միայն եկամտահարկով։ Այսինքն` ԱԱԾ-ի վճարած եկամտահարկն ավելի մեծ գումար է, քան, ասենք, Երեւանի կոնյակի գործարանի բոլոր հարկերը միասին. ԱԱԾ-ն 40-րդ տեղում է, կոնյակի գործարանը՝ 60-րդ, VIVARO-ն՝ 279-րդ։ Ոստիկանությունը չի եղել 2020-ի ցանկում։ Ասել է` նրանց աշխատավարձը կտրուկ բարձրացել է վերջին պատերազմից հետո։ Այս երանելի ցանկում առաջին անգամ հայտնվել է վարչապետի աշխատակազմը. պատվավոր 102-րդ տեղում է»։

 Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթը եզրափակել էր՝ ընդգծելով, որ այս թվերը ցուցիչ են, բնութագրում են մեր տնտեսությունը, պետությունը․ «Թվային դաժան փաստ է՝ այդ մարդը պետական բյուջեի միջոցներն անխնա բաշխում է յուրայիններին, իր անձնական անվտանգությունն ապահովող մարմիններին։ Նախկինում, կարծեմ, այլ բան էր խոստանում»։

 Իշխանությունը, ըստ ամենայնի, ծանր է տարել այս բացահայտումը, ամաչել են այս խայտառակ փաստի հանրայնացումից եւ կարճ ժամանակում միջոցներ են ձեռնարկել, որ այսուհետ նման փաստերը գաղտնի մնան։ Երեկ կառավարությունը հանդես է եկել «ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» նախագծով, որով առաջարկվում է սահմանել, որ «առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի եւ վճարների մեծությունների ցանկում չեն ներառվում ՀՀ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները»: Նախատեսվում է, որ այս որոշումն ուժի մեջ կմտնի եկող տարվա հունվարի 1-ից։ «Խնդիրն այն է, որ տվյալ ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում եւ հասանելի է բոլորին, իսկ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերն ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք»,- նշված է հիմնավորման մեջ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ