news.am-ը գրում է.
Վերջին երեք տարում Հայաստանը ԵՄ և ԵԱՏՄ երկրներից ստացել է ավելի քան 5000 անձի վերաբերյալ ռեադմիսիոն (հետընդունման) հայցեր, որոնց գերակշիռ մասը՝ Գերմանիայից։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատասխան Միգրացիոն ծառայությունից ստացված վիճակագրական տվյալները։
Խոսքը վերաբերվում է ԵՄ և ԵԱՏՄ երկրներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը։
Մասնավորապես 2018թ. ԵՄ և ԵԱՏՄ երկրներից ստացվել է 1030 ռեադմիսիոն հայց` 2045 անձանց վերաբերյալ, 2019թ. ստացվել է 921 հայց` 1746 անձանց վերաբերյալ, իսկ 2020 –ին՝ 725 ռեադմիսիոն հայց` 1281 անձանց վերաբերյալ։
Կայքը նշում է , որ միայն 2020թթ. Հայաստանը ավելի քան 1385 անձի վերաբերյալ հետընդունման հայց է ստացել Գերմանիայից, 182 անձի վերաբերյալ՝ Ավստրիայից, 139–ինը Նիդերլանդներից, 126–ինը՝ Ֆրասիայից, 78–ը՝ Շվեդիայից, 50–ինը ՌԴ–ից, 44–ինը՝ Բելգիայից։ 2020–ին ԵՄ և ԵԱՏՄ երկրներից 2055 անձի վերաբերյալ ստացված հայցերից հաստատվել է 1663–ը, իսկ 333–ի քաղաքացիությունը չի հաստատվել։
Նկատենք, որ միայն վերջին երեք տարում Հայաստանը շուրջ 4000 անձի վերաբերյալ հետընդունման հայց է ստացել Գերմանիայից։
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան տվյալներով՝ հայերն ամենից հաճախ ԵՄ մուտքի արտոնագրի համար դիմում են հենց իրենց: Սակայն վերջին տարիներին Գերմանիան խստացրել է միգրացիոն քաղաքականությունը՝ հաշվի Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից փախստականների ընդունման արդյունքում 2015–ին ստեղծված ներգաղթյալների ճգնաժամը։
Համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր՝ ներառյալ նաև իր երկիրը, և վերադառնալու իր երկիր: Ավելին, միջազգային սովորութային իրավունքի սկզբունք է այն, որ յուրաքանչյուր երկիր պետք է հետ ընդունի իր քաղաքացիներին։
Իսկ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և մուտք գործելու իրավունք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը