yerkir.am-ը գրում է․
Էկոնոմիկայի նախարարությունը ջո՞ւր է լցնում թշնամու ջրաղացին։ Պատերազմի ընթացքում կառավարությունն արգելեց թուրքական ծագման ապրանքի ներմուծումը Հայաստան, ժամկետը երկարացրեց, բայց հիմա էլ որոշել է հունիսի 24-ին ընդունված որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ մտցնել՝ թույլատրել թուրքական որոշ ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան։
Նույն նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրած նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ «Նախագծով արգելքը չի տարածվում նաեւ որոշ ապրանքների միայն մեկ խմբաքանակի ներմուծման վրա, ինչը կնպաստի մի շարք խոշոր հարկատու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բնականոն աշխատանքի շարունակականությանը՝ մինչեւ վերջիններիս կողմից այլընտրանքային շուկայի փոփոխության կամ ներքին արտադրության կազմակերպման գործընթացների ավարտը»։
Այստեղից կարելի է ենթադրել, որ «հանուն» որոշ խոշոր հարկատուների՝ կարելի է հարստացնել թշնամուն, որ բայրաքթարներ առնի, օգնի Հայաստանի արեւելյան թշնամուն․․․։
«Նախագծի նպատակը՝ ՀՀ կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքից իրականացվող՝ ապրանքների արտահանման գործարքների խթանումը՝ պայմանավորված թուրքական ծագման հումք օգտագործող տնտեսվարողների արտադրության գործընթացը անխափան կազմակերպմամբ, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմամբ»,-գրված է նախագծում: Նախագծում նշված է, որ այս քայլով փորձում են մեղմել տնտեսվարողների մոտ առաջացած խնդիրները։ Ըստ նախագծի՝ քանի որ որոշ ապրանքների ներմուծումը այլ երկրներից գրեթե անհնարին է լոգիստիկ շղթայի ու գին-որակ համադրության պատճառով, այս նախագիծը այն թեթեւացնելուն է միտված։
«Ժամանակին, երբ այդ արգելքը մտցվում էր, նույն էկոնոմիկայի նախարարությունը պնդում էր ու իրականում էլ այդպես է, որ այլընտրանքային շուկաներից հնարավոր կլինի այդ բացը լրացնել։ Բայց, փաստորեն, այս ժամանակահատվածը բավարար չի եղել, որ պատկան մարմինները կարողանան որոշակի քայլեր ձեռնարկել՝ այլընտրանքային շուկաների հասանելիությունը մեր տնտեսվարող սուբյեկտների համար ապահովել»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Հարցին, թե արդյո՞ք «մի շարք խոշոր հարկատու հանդիսացող տնտեսվարողներն» այսօրվա իշխանամերձ որոշ օլիգարխներ չեն, Խաչատրյանը Yerkir.am-ին ասաց․«Անկեղծորեն չեմ կարող որեւէ եզրահանգում անել, թե կոնկրետ ինչ շրջանակի մասին է խոսքը, բայց, չի բացառվում, ձեր ասածն է»։
Օրենքի ընդունման նպատակը, տնտեսագետի խոսքով, մեկն էր՝ չհարստացնել թշնամուն։ Բայց, արի ու տես, Հայաստանի իշխանությունը «սիրելիներին չէ ասել» չկարողացավ․ թուրքականը կմտնի Հայաստան։
«Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին որոշումը ողջամիտ քայլ էր այն պարզ իմաստով, որ թուրքական ապրանք գնելով՝ հզորացնում ենք Թուրքիայի տնտեսությունը՝ անկախ նրանից, թե մեր գնածն իրենց ընդհանուր արտահանման մեջ ինչ մասնաբաժին ունի։ Մենք տարեկան 230-250 միլիոն դոլարի ներմուծում ունեինք Թուրքիայից»,-նշեց Խաչատրյանը։
Նախագծում նշված է նաեւ, որ «ընդունման արդյունքում ակնկալվում է նախագծում ներկայացված վերջնական սպառման ապրանք չհանդիսացող ապրանքների օգտագործմամբ ապահովել հայրենական արտադրության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից կատարվող արտահանման ծավալների ավելացումը եւ շարունակականությունը՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը։ Նախագծով նախատեսվում է նաեւ ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ներմուծել թուրքական ծագման արտադրանքի մեկ խմբաքանակ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը