11 06 2021

Մարդակեր… ԵԼԱԿ

Մարդակեր… ԵԼԱԿ

Զինվորն ապրելու երազ ուներ: Զինվորը պիտի իր մոր գիրկը դառնար և իր սիրած աղջկան գրկեր: Իսկ ապիկար «գերագույնը», անգլուխ «գլխավորը» նրանց ստույգ մահվան գիրկն ուղարկեց, որպես «ոչնչի համար զոհվողներ»: 

Զինվորը երազ ուներ: Զինվորին Ելակ տվեցին: Ու կերան: Կերան ելակով ու… թշնամու հետ, բայրակթար՝ բայրակթարի տված:

Կերան Բանակը: Զենքերից զարդեր ձուլեցին ու կերան: Կերան մուղամ լսելով, էրատո պոզաներով ու լիֆտում թուրքի հետ չայ խմելով:

Երկիրն են ուտում: Թշնամու հետ են ուտում: Ուտում են ու… հպարտանում: Հպարտանում են և… ուտում: Չէ՛, չեն ուտում, լափո՜ւմ են:

Հ-պարտ պարտվածները: Պարտության հ-պարտ որկրամոլները: Զոհերին «պլյուս-մինուս 50»-ով հաշվողները:

Ելակը հատապտուղ չէր, չէ՜…

Ելակը կախարդական խոսքն էր՝ «սիրո ու խոնարհումի» թավշյա դիմակ դրած հրեշի, Բելի: Եվ այդ թունավոր կախարդանքով դիմակավորված Բելը կործանման տարավ Հայկի ժառանգների մի ամբողջ սերնդի…

…Տարին կարծես բերքառատ է: Համենայն դեպս, ամեն մի անկյունում թասերով, թասիկներով, դույլերով ելակ է, որ առաջարկում են: Խոշոր, շատ խոշոր, միջին, մանր, զիլ կարմիր, կարմրադեղնավուն, կարմրավարդագույն, բուրավետ, հյութեղ…

Իսկ գուցե տարին ամենևին էլ բերքառա՞տ չէ: Պարզապես սա այն ելակներն են, որ պիտի զինվորներին հասներ: Իսկ զինվորները, որոնց պիտի հասներ այդ անմեղ հատապտուղը, չկան… Նրանք մեծ ու փոքր հայոց շեների «Եռաբլուրներում» են:

Չէ, սա ելակ չէ: Սա մարդակե՛ր ելակ է:

Մինչդեռ Բելը կատաղել է, մոլեգնել ու…

Որքան կարողանում՝ «ելակում» է: Մեկերին պարգևավճարով է «ելակում», մյուսներին՝ խոտհնձիչով է «ելակում», երրորդներին՝ շքամուտքի նորոգմամբ, չորրորդներին՝ նպաստով, հինգերորդներին… իր՝ արդեն կերած զավակի փոխարեն մի քանի թղթի կտոր գրպանը դնելով:

Եվ ուտում է նրանց բոլորին: Ուտում է նրանց հոգիները՝ պարգևավճարով, հնձիչով, փողով: Իսկ նրանց, ում արդեն կերել է, գառ ու ոչխար են զենում… Բելի առաջ: Զենում են… նույնիսկ չզգալով, որ ոչ թե ոչխար, այլ իրենց ձեռքով իրենք իրենց, իրենց զավակին, իրենց թոռնիկին են մորթում հայակեր նիկոլի ոտքերի տակ:

…Որքա՞ն է տևելու այս մղձավանջը,

…Եվ ե՞րբ է հնչելու սթափման ղողանջը,

Արձակել է Հայկն արդ փրկության Նե՛տը,

Իսկ Բելն անկասկած կընկնի սանդրամետը:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ