Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Հերացի փողոցը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է անհետ կորածներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանը:
Ղուկասյանը փոխանցեց, որ այս պահին Հերացիի դիահերձարանի մոտ են.
«Երկու օր առաջ բացահայտվել է մի բան, որն այսօր պարզվում է: Թվերի մեջ անճշտություն եմ գտել: Նույն ամսաթվով մարմինները, որ բերվել են, այդ մարմինների մեջ թվային անճշտություններ կան: Օրինակ նոյեմբերի 23-ին 21 մարմին է եկել ընդամենը Արցախի մորգ, բայց թվերի մեջ կա այնպիսի խայտառակ վիճակ, որ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է»:
Ղուկասյանի խոսքով, տարբեր տեղերից մարմիններ են ի հայտ գալիս.
«Մարմինները տարբեր տեղեր պահել են, մորգի սառնարաններում և այլն, հիմա աստիճանաբար հանում են ու տալիս հարազատներին, ուղղակի պայմանական գործի մեջ սխալը չէին ուղղել, չէին մտածում, որ բացահայտվելու է»,-ասաց նա:
Ղուկասյանն ասաց, որ այսօր իրեն տվյալներ են տվել, որ կա 230 դի, ու մոտ 420-427 մասունք. «Այսօր մատիտով գրված տվել են մեզ, որ այսօրվա վիճակն է, բայց սրանից մի քանի օր առաջ լրիվ այլ թվեր են տվել մեզ: Ես 2 օր առաջ շատ պատահական տեսա, որ թվերի մեջ սխալ կա»:
Հերացի փողոցը փակելը դժգոհություն էր առաջացրել վարորդների մոտ, որի արդյունքում վիճաբանություն էր սկսվել ակցիայի մասնակիցների ու վարորդներից մեկի միջև:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը