12 05 2021

Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք. ԱՆ

Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք. ԱՆ

2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ:

Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

Մայիսի 12-ին Սիսիանի բժշկական կենտրոն դիմել է աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ:

Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Սիսիանի բժշկական կենտրոնում ստացիոնար պայմաններում բուժումը շարունակում է 5 հիվանդ, իսկ գանգատ ունեցող մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության՝ դրական շարժընթացով:

Որպես բռնկման հավանական պատճառ` դիտարկվում է ջրային գործոնը: Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար` բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է բնակավայրի խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների նմուշառում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ