08 04 2021

Վտանգված կապեր. Panorama.am

Վտանգված կապեր. Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է հրապարակախոս Լիա Իվանյանի հոդվածը.

Չկա մի ոլորտ, որ վերջին երեք տարում չեն ապականել նիկոլականները։ Եվ ոչ միայն օրինակ տնտեսությունը, բանակն  ու կրթությունը, այլև բոլոր տեսակի կապերը՝ միջանձնային, միջազգային, համահայկական։ Ամեն մեկս հաստատ ունենք ունենք ընկեր կամ ազգական, ում հետ առնվազն դադարեցրել ենք շփումները սև-սպիտակի  հողի  վրա։ Թավիշների արտաքին քաղաքականությունը կարծես նպատակ էր դրել   փչացնել հարաբերությունները հնարավորինս շատ երկրների հետ, ինչը  նրանց հաջողվել է։ Եվ թերևս ամենացավոտը՝ Սփյուռքի և Արցախի  հետ հարաբերությունների ներկա անհասկանալի վիճակը։ 

Մինչդեռ հիշենք, թե տարիներ  առաջ  ինչպիսի անթաքույց  հպարտությամբ էինք  խոսում Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության մասին։ Այդ Եռամիասնությունը  մեր հարստությունն էր, մեր այցեքարտը աշխարհում, մեր կենսունակության վկայությունը։ Տասնյակ տարիներ էին պահանջվել դրան հասնելու համար։ Առաջին, Երկրորդ և Երրորդ հանրապետությունների բոլոր ղեկավարների կողմից քարը քարին, ավազահատիկը ավազահատիկին դնելով ձևավորվեց  աշխարհով մեկ ցրված հայությանը միավորող այդ գաղափարը։ Հիմա դրա թուլացման  վտանգը կա։

Արցախյան վերջին պատերազմը և դրան հաջորդած խելահեղ իրողությունները ցույց տվեցին, որ Արցախի առումով Եռամիասնությունն արդեն  խաթարված է։ Մտավախություն կա, որ ինչպես Արցախից հեռացվեցինք, այնպես էլ մի օր Սփյուռքից կկտրվենք։ Հենց միայն «Հայաստան»  հիմնադրամից կատարված պետական գողությունը հարցականի տակ է դնում Սփյուռքի վստահությունը 30 տարվա այդ գերկարևոր կառույցի նկատմամբ։

Այս իշխանությունները սեփական երկրին վերաբերվում են   թշնամու պես՝  վերացնում են    ազգային բոլոր հարստությունները։ Երբ 2018-ին նորաթուխ իշխանությունները լուծարեցին Սփյուռքի նախարարությունը՝ հասկացող մարդիկ գիտակցեցին  ու բարձրաձայնեցին դրա  վատ հետևանքների  մասին, բայց մի քանի  ամսում ձևավորված նոր ավանդույթի համաձայն՝ բանի տեղ դնող չեղավ։  Դժվար էր երևի այն ժամանակ հավատալ, որ  այս իշխանությունների  քանդելու   մարմաջը  կամ հայկականության հանդեպ խորը  ատելությունը  ընդամենը  երեք տարում  կփոշիացնեն տասնամյակներով ստեղծածը՝ ավելորդ  բեռ  համարելով  ազգային ամեն բան։

Մի առիթով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր՝  «Արցախը ոչ թե բեռ է, այլ արժեք»։ Նրա համար նույնպիսի արժեք էր նաև Սփյուռքը։  Իր «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքում նա գրել է՝   «․․․ Հայաստանը պարզապես փոքրիկ հողակտոր չէ՝ բնակեցված երեք միլիոնից մի քիչ ավելի մարդկանցով, այլ ամբողջ աշխարհում շատ լուրջ կարողությունների տիրապետող ժողովրդի հայրենիք»: Հենց այդպիսի դիրքորոշումը նպաստեց, որ 1999-2007թթ  Սփյուռքի մասնակցությունն ու ներգրավվածությունը  համահայկական հարցերում դարձավ տեսանելի և խիստ արդյունավետ։ 

Ռոբերտ  Քոչարյանի նախագահության տարիներին բացառիկ կարևորություն տրվեց  Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին։ Պաթետիկ խոսքերից իրականություն դարձան համազգային խնդիրները համատեղ քննարկելը և միասնական ջանքերով լուծելը։ Դրան էին ուղղված  1999-2007թթ․ ընթացքում Սփյուռքի հետ անցկացված 50-ից ավել խոշոր միջոցառումները, որոնց թվում՝ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովները (1999, 2002, 2006թթ),   «Մեկ ազգ, մեկ մշակույթ» երկու փառատոն, Համահայկական  մարզական երեք խաղեր, «Բազե» համահայկական հավաքներ, Հայագիտական առաջին գիտաժողովը և այլն։ Ողջ աշխարհի հայությունն էր ներգավված Քրիստոնեության 1700- ամյակի (2001թ․) և Հայոց   գրերի գյուտի 1600-ամյակի (2005թ․)  հոբելյանական միջոցառումներում։

Թվարկումն անվերջ չշարունակելու համար հավելենք, որ սփյուռքի գաղթօջախների հետ գրագետ ու փոխշահավետ կազմակերպված փոխհարաբերությունները մեծապես նպաստեցին նաև տվյալ պետություններում ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրների իրականացմանը։ Հիշում ենք այդ  ամենը,   և այդ պատճառով ենք նողկանքով նայում այն մարդկանց, ովքեր տասը տարուց ավել հերյուրանքներ են տարածում Քոչարյանի նախագահության տարիների մասին։  

2018 թիվը գլխիվայր շրջեց մեր կյանքը․ դավաճանները դարձան հայրենասիրություն քարոզող,  արժեքներ թելադրող, թշնամի ու բարեկամ ընտրող, մեր երկրի ապագան որոշող։ Թուլացնելով հայությանն իրար հետ  կապող կապերը՝ նրանք հեշտացնում են թշնամու գործը․․․ Դա է վկայում Արցախի ներկա վիճակը, բայց որը  նաև թշնամուն հաղթելու միակ  ճանապարհն է ցույց տալիս՝ վերստին ամրացնել  վտանգված բոլոր կապերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ