04 06 2021

Իսպանական ամոթ հայկական հողում. Panorama.am

Իսպանական ամոթ հայկական հողում. Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է հրապարակախոս Լիա Իվանյանի հոդվածը.

Իսպանական ամոթ -  ամոթի զգացում, որն առաջանում է այլ մարդու     գործողությունների պատճառով  (Վիքիպեդիա)

Չեմ հիշում, որ կյանքում երբևէ ամոթ զգացած լինեմ հայ լինելուս համար։ Գուցե ամաչել եմ ինչ-որ  մի «փինաչու» կամ   «թալանչու» փոխարեն, բայց ազգիս համար՝ երբեք։ Հակառակը, միշտ շնորհակալ եմ եղել Աստծուն՝ զտարյուն հայ ծնված լինելու շնորհի համար։

Հատկապես մոսկովյան «Литературная газета»-ի   «Երկիր Նաիրի» («Страна Наири») հայկական մշակութային հավելվածի խմբագիրը   լինելուս  տարիներին՝  մեծագույն հպարտություն էի զգում։  Հայ ազգի առաքելությունը գիտակցող   ռուս մտավորականները միշտ իրենց հիացմունքն էին հայտնում մեր դարավոր մշակույթի անգին գոհարների առիթով, որոնք ներկայացնում էի հավելվածի էջերում։

Հիմա ամաչում եմ։  Խեղդում է ամոթը, որ ինչ-որ մի անառողջ  երևույթ, ում հետ սեղան էլ չէիր նստի՝   ներկայացնում է քո երկիրը։  Ավելին՝ քանդում  ու ծախում է քո երկիրը, կոտորում է ապագայի սերնդին  և անամոթաբար «Ապագա կա՛» կարգախոսով համարձակվում է վերարտադրվելու հույսեր փայփայել։ Ամաչում եմ, որ աշխարհում ծաղրի առարկա դարձանք մի ծախված ծաղրածուի   անվերջանալի ստերի և էժանագին մանիպուլյացիաների պատճառով։
Ամաչում եմ օրենսդիր և գործադիր մարմիններում    անգրագետ, ցածր ինտելեկտով, փողոցային բարքերով    անբուժելի դեմագոգների   առատության համար։ Նորմալ պայմաններում նրանց մեծ մասը կարող էին հավակնել միայն  5-6 հոգանոց  բաժին ղեկավարելու երազանքին, բայց դարձել են միլիոնով  պարգևավճար ստացող «էլիտա»,  և «հանճարեղ» իմաստակություններ են ճամարտակում։ 

Ամաչում եմ, որ իշխող ոհմակը  մեր զոհերի հետ թուրքի նման է վարվում։ Արդյո՞ք մեծ է բարոյական տարբերությունը Բաքվում խոշտանգումներից սպանված 19 հայ գերիների և Հայաստանում 7 ամիս դիահերձարանում  հայ զինվորներին թաքցնելու   միջև։ Երևի թե երկրորդն ավելի մեծ սադիզմ է։ Ամաչում եմ, որ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո այս վարչախումբը դեռ իշխանության ղեկին է։

Ամաչում եմ ՖԲ-ում թոռներին գրկած նկարներով վերջին փողոցային հայհոյանքներ գրող կանանց փոխարեն։  Ոստիկանության  փոխարեն, որն  իր  բուն գործառույթները թողած դարձել է  վախկոտի պահապան,  զբաղվելով միայն  ցուցարարներին գազանաբար  ցրելով։ Քննիչ-դատախազների փոխարեն, ովքեր   դարձել են  պատժիչ գործիք անհավասարակշիռ դավաճանի ձեռքին։
Ամաչում եմ այն փաստից, որ այս հայրենադավին  դեռևս հավատացողներ կան։ Անունը դրել են   սեփական կարծիք հայտնելու իրավունք, բայց  տարիներով գլուխները մտցրած մեկ երկու անգիր արած ֆրազաներից բացի որևէ կերպ չեն կարող բացատրել իրենց սերը Նիկոլի և ատելությունը նախկինների նկատմամբ։ Երեք տարի գահավիժումից բացի այլ բան չենք տեսնում, բայց  կռապաշտները դեռ աում են ՝ «հներն են խանգարում էս խեղճ, ազնիվ տղուն»։ Նորմալ մարդը  աչքով տեսածին կհավատա, թե՞ հիստերիկ պոպուլիստի դատարկաբանություններին։ Հետո էլ նեղանում են, որ իրենց զոմբի են կոչում։

Ամաչում եմ էն հայրենակիցներիս փոխարեն, ովքեր այնքան կստորանան, որ իրենց ձայնը կվաճառեն։ Այս ընտրություններում ընտրակաշառք վերցնող ցանկացած մեկը ծախում է իր բաժին հայրենիքը։
Ամաչում եմ նաև էն հայրենակիցներիս փոխարեն, ովքեր փեսացու ընտրող քմահաճ արքայադստեր նման իդեալական տարբերակի են սպասում։ 2018-ին ընտրությունների չմասնակացած 52 տոկոսը բնա՞վ պատասխանատվություն չի զգում իր անտարբերության  համար։ Չի՞զգում, որ այս ընտրություններում երկրի լինել-չլինելու հարցն է որոշվում, և իրենք ոչ թե կողքից դիտող ու քննադատող լինեն, այլ իրական մասնակից։  Այս անգամ 52 տոկոսի անտարբերությունը կամ   հիվանդագին բծախնդրությունը ճակատագրական կլինեն նաև հենց իրենց  գոյության համար։
Ահա այսպիսի իսպանական ամոթներ հայկական հողում, որոնք  վստահ եմ շատերին են տանջում։ Մարդ իր արածի համար ամոթ զգալիս կարող է ինքն ինչ-որ կերպ շտկումներ մտցնել, բայց պետության մասշտաբով այսքան ամոթները ուղղել կարող է միայն ժողովուրդը, ինչին  մնաց 16 օր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ