12 03 2021

Հարված է հասցվում երկրում եզակի մնացած աշխատող ինստիտուտին. Արման Սաղաթելյան

Հարված է հասցվում երկրում եզակի մնացած աշխատող ինստիտուտին. Արման Սաղաթելյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՄԻՊ-ի ֆինանսավորումը նվազեցնելու Կառավարության նախաձեռնությանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Կառավարությունն առաջարկել է օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց ՄԻՊ ֆինանսավորումը կարող է կամայական ձևով վերանայվել գործադիրի կողմից։ Այնինչ, նախկին կարգավորումներով ՄԻՊ-ը չէր կարող ունենալ նախորդ տարվա հատկացումներից պակաս ֆինանսավորում։

Սրա բացատրությունը հնչեցվեց Ատոմ Ջանջուղազյանի շուրթերով, մոտավորապես այսպես․ ներդրումներ չկան երկրում, հետեւաբար պետք է մեր ներսում տնտեսումներ անենք։ Եվ սա ասում է մի իշխանության ներկայացուցիչ, որը հասավ հենց այդ իշխանության, խոստանալով կոկորդիլոսների ֆերմաներ, ինքնաթիռի գործարաններ, տնտեսական թռիչքաձև աճեր, ներդրումների ահռելի հոսք, որին խանգարում էր նախկին Ազգային ժողովն ու կառավարությունը, տարատեսակ նորաստեղծ գործարաններ, որոնք պարզեց, որ «բացվում» էին զուտ նկարահանման համար, ու անմիջապես փակվում, և այսպես շարունակ հեքիաթների աշխարհում։

Մի իշխանության ներկայացուցիչ, որը քամուն տվեց միլիոնավոր դոլարներ, ակնհայտ հակասահմանադրական հանրաքվե նախաձեռնելով, իսկ իրականում ընդամենը Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու նպատակով, որն այդպես էլ չկայացավ։

Մի իշխանության ներկայացուցիչ, որը ծախսում է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլար երկիրը բուկլետներով զենքի միջազգային ցուցահանդեսում ներկայացնելու, իսկ ավելի ճիշտ՝ խայտառակելու համար, բայց որի պատվիրակության անդամները հաճույքով նկարվում են այլ երկրների տաղավարներում, այլ երկրի զենքերով։

Մի իշխանության ներկայացուցիչ, որը շարունակում է լափել միլիոնավոր պարգևավճարները՝ հենց այդ նույն ներդրումների բացակայության, պատերազմի ու տնտեսական ճգնաժամի պայմաններում, որի պատճառաբանությամբ էլ փորձում են կրճատել ՄԻՊ-ի ֆինանսավորումը։ Պարգևավճարներ զրո արդյունավետության ու կործանարար գործունեության համար։ Այս իշխանությանը անգամ իր ստացած աշխատավարձը չի հասնում, ուր մնաց՝ պարգևավճարը։ Ավելին, պատճառված ավերածությունների ու վնասի համար ամեն մեկին հասանելիք պատասխանատվության չափը դեռ քննարկման առարկա պիտի լինի մոտ ապագայում։

Ու այս ֆոնին հարված է հասցվում երկրում եզակի մնացած աշխատող ինստիտուտին, որն իր վրա է վերցրել ահռելի բեռ ու պատվով է այն տանում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրից դուրս։ Հավանաբար, այս իշխանության քիմքին հաճո չէ հանդուրժել իրենց գրպանային կամակատար չհանդիսացող կարևորագույն իսնտիտուտն ու դրա ղեկավարը։

Առանձին անդրադարձի են արժանի բոլոր, այսպես կոչված, «իրավապաշտպան» ՀԿ-ները, որոնք տարիների ընթացքում սնուցվելով ու առաջնորդվելով օտարերկրյա օրակարգերով, ամեն չնչին առիթով վայնասուն էին բարձրացնում աշխարհով մեկ, պառկում էին գետնին ու մատ թափ տալիս բազմաթիվ նույնանման հարթակներում ՝ «տեսեք-տեսեք․․․մարդու իրավունքներ․․․խոսքի ազատություն․․․» և այսպես շարունակ։ Մենք առիթ ունեցել ենք փաստելու, որ այդ ահռելի ցանցի միակ նպատակը երկրի կազմաքանդումն էր, իշխանության մաշեցումը և դավաճաններին իշխանության բերելը, որոնք էլ կհանձնեն Արցախը, կթողնեն թուրքական յաթաղանի, իսկ 100 տարի անց՝ թուրքական Բայրաքթարի տակ մի ամբողջ սերունդ, և կշարունակեն կտրել Հայաստանն իր բնական շահերից ու բնական դաշնակիցներից։ Տևական ժամանակ է, ինչ այդ ՀԿ-ներից տեսանելի ու առարկայական ծպտուն չկա։ Իհարկե, չէր էլ կարող լինել, քանի որ նրանք այս ամենի համահեղինակն են ու պատասխանատուներից մեկը։

Իմ երկիրը կրկին լինելու է ազգային պետություն։ Եվ իմ երկիրը կրկին ղեկավարելու են մարդիկ, ովքեր առաջնորդվելու են ազգային շահերով։ Կասկած չունեմ, որ Արման Թաթոյանը եղել է, կա, ու մնալու է իր առաքելությանը հավատարիմ, անկախ այս խեղկատակների ու սուտասանների ճիգերից։

Դուք հիմար եք։ ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երեւի։ Իսկ երեւի, որովհետեւ դեռ անհրաժեշտ է լինելու ապացուցել, որ դուք մարդ եք»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ