Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը: Նա մասնավորապես նշել է, որ Արա Սաղաթելյանը կրողն է այն գենի, գաղափարների ու սկզբունքների, որոնք ոչ միայն խորթ են իր բնորոշմամբ՝ խզբզանք կապիտուլյանտներին, այլ նաև վտանգավոր ու կործանարար են։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Արիկը մեր ընտանիքում ո´չ առաջին, ո´չ էլ հավանաբար վերջին քաղբանտարկյալն է։ Արիկի մորական պապը՝ տաղանդաշատ ճարտարագետ Աշոտ Մատինյանը, անցած դարի 30-ականների վերջերին հռչակվեց ազգի թշնամի, քանի որ ուսում էր ստացել Ֆրանսիայում, եւ կալանավորվեց։ Գուցե գնդակահարեին, բայց վրա հասավ պատերազմը, եւ պարզվեց, որ նահանջող ու կոտորվող բանակին անհրաժեշտ են պանտոնային կամուրջներ, իսկ դրանք նախագծելու եւ կառուցելու համար՝ Աշոտ պապը։ Պապուն արագ վերադարձրին բանակ, իսկ պատերազմի ավարտից հետո դարձրին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի վերակառուցման պատասխանատու։ Իրականում Աշոտը քաղաքականությամբ առանձնապես չէր հետաքրքրվում, ի տարբերություն իր ավագ թոռան՝ Արիկի ավագ եղբոր եւ իմ լուսահոգի հոր՝ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի։ Պապան «Ազգային պետության» գաղափարախոսության հիմնական հեղինակներից մեկն էր այն պարագայում, երբ ազգային գաղափարախոսությունը երկրում որակվեց «կեղծ կատեգորիա»։ Այն ժամանակ, 90-ականների սկզբին, ինձնից փորձում էին թաքցնել հորս հանդեպ «իրավապահների» բռնաճնշումները, քանի որ մեղմ ասած ես աչքի չէի ընկնում ադեկվատ վարքագծով. այնուամենայնիվ որոշ հանգամանքներ ինձ հայտնի են։ Կարծում եմ` Արիկի մյուս պապը՝ գեներալ Մաթեւոս Սաղաթելյանը, թարս սիլլա կտար այս բեսպրեդելը ծավալած եւ առայժմ ուսադիր կրողներին, իսկ Ֆելիքս Ձերժինսկին դագաղում կշրջվեր` տեսնելով, թե ինչի վերածեցին իր ստեղծած ЧК-ն։
Պետությունը շարունակում է արագ գլորվել անդունդ բոլոր ուղղություններով, եւ խայտառակ կապիտուլյացիային, Արցախի եւ մի ամբողջ սերնդի կորստին հաջորդելու է անդառնալի ներքին կոլապս։ Այն հնարավոր չի բեկանել, բայց տգետ խզբզանքները կարծում են, որ հնարավոր է ձգձգել սեփական անփառունակ վախճանը։ Հետեւաբար, մենք դեռ տեսնելու ենք էժան շոուներ, որոնք իրականում միայն մոտեցնում են կոլապսի պահը։
Արիկը սիրում է շներին։ Շները՝ Արիկին։ Բայց որոշ կապիկներ վախենում են Արիկից շան պես եւ ճիշտ են անում։ Քանի որ նա կրողն է այն գենի, գաղափարների ու սկզբունքների, որոնք ոչ միայն խորթ են խզբզանք կապիտուլյանտներին, այլ նաեւ վտանգավոր ու կործանարար։ Մեղք ողորմինելիներ։ Աստված վկա, ընտրություննը միշտ ձերն էր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը