02 03 2021

Քաղաքական հետապնդումները Երևանի քաղաքապետարանում շարունակվում են. քաղաքապետարանի աշխատակից

Քաղաքական հետապնդումները Երևանի քաղաքապետարանում շարունակվում են. քաղաքապետարանի աշխատակից

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից Միքայել Սահակյանը գրել է.

Կառուցվածքային փոփոխությունները՝ իրականում քաղաքական հետապնդումները, Երևանի քաղաքապետարանում շարունակվում են:

Երևանի քաղաքապետարանում աշխատում եմ շուրջ 12 տարի.

Երևան համայնքի զարգացման քառամյա առաջին ծրագրի համահեղինակն եմ, որն, ի դեպ, մինչ օրս Երևանը զարգացնելու բազիսային փաստաթուղթն է,

Երևանի քաղաքապետարանի արարողակարգի ինստիտուտի կայացման մեջ իմ համեստ ներդրումն եմ ունեցել, որպես ոլորտի պատասխանատու, ինչը թույլ է տվել Երևանը ներկայանալի դարձնել թե’ դրսում, թե’ ներսում Երևան ժամանած հյուրերի համար:

2016-ից արտաքին կապերի վարչության պետի տեղակալն եմ, ժամանակահատված, երբ Երևանի միջազգային կապերը հնարավորինս ընդլայնվում էին օրուգիշեր աշխատելու արդյունքում մինչ 2018 թվականի հայտնի իրադարձությունները:

Մի օր կմանրամասնեմ, թե ինչ հաջողություններ ենք արձանագրել ըստ ոլորտների:

Հիմա իրականության մասին. 2018թ-ի վերջերից քանիցս «հորդորել» են՝ ուղիղ և անուղղակի ձևերով՝ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, հորդորողները բացարձակ կապ չունեն համայնքային կառավարման հետ. ստացել են մերժում: Ստեղծել են բոլոր հնարավոր իրավիճակները, որ ես ինքս դուրս գամ աշխատանքից, սակայն ես մնացել եմ ու ծառայել հանուն Երևանի։ Մի օր կմանրամասնեմ, թե քանի անգամ եմ փրկել շատերի երեսը՝ կանխելով Երևանի բարի համբավի արատավորումը:

Այսօր տեղեկացա, որ այլ տարբերակ չգտնելով՝ ուզում են կրճատել հաստիքս՝ ի վերջո ինձանից եւ չի բացառվում վարչության այլ «անցանկալի» համայնքային ծառայողներից «ազատվելու» համար: Ականջներդ կանչի ֆինանսական վարչության իմ հարգելի’ կոլեգաներ և ինչու՞ միայն դուք:

Շատ մանր եք, հավատացե’ք, ու այդ մանրության մեջ փորձում եք խառնել հնարավորինս ամեն ինչ՝ մոռանալով, որ սա փոքր քաղաք է, ուր շենքերի վարդագույն պատերը, հին ու նոր բակերն ու փողոցներն այնքա՜ն բան են տեսել ու այնքա՜ն բանի պատասխանել, որ սրա պատասխանն էլ չի ուշանա հենց երևանյան տարբերակով՝ ուր միշտ հաղթում է Եռագույնը: Ախր դուք հաստատ ինձանից շատ չեք ապրել ու ապրում Երևանով, դուք հաստատ ինձանից շատ չեք սիրում Երևանն ու չեք գնահատում նրա վեհ արժեքը ու չեք էլ կարող։

Դիմում եմ Երևանի ավագանու խմբակցություններին, անհատ անդամներին՝ ի վերջո, համայնքային ծառայողը պաշտպանվա՞ծ է օրենքով, թե «օրենքով» օրենքը խախտելով՝ կարող են ազատվել բոլոր մտահոգ ու հայրենասեր մարդկանցից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ