Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող ծառայությունները: Կոմիտեն մաքսային մարմնի միասնական տեղեկատվական համակարգի «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգում փորձնական գործարկել է մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները, բանկ հաճախելու փոխարեն, նոր համակարգի շնորհիվ այժմ իրենց գրասենյակներից կարող են առցանց հարթակում ֆինանսական պարտավորությունները կատարել բանկային քարտով վճարման միջոցով: Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով անմիջապես մուտք են գործում «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ» և հաշված րոպեների ընթացքում կատարում անհրաժեշտ վճարումները:
Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից գործողությունները շարունակելու հիմք է հանդիսանում: Բանկային քարտով պարզ և արագ մաքսային վճարումներից բացի տնտեսվարողը նաև տեղեկատվություն է ստանում գանձապետական համապատասխան հաշվեհամարին գումարի մուտքագրման վերաբերյալ, որն էլ իր հերթին կրճատում է ապրանքների բացթողման վրա ծախսվող ժամանակը:
Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարևոր է համավարակի տարածման պայմաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու առումով: Փորձնական ծրագրի հաջող ավարտից հետո նոր համակարգը կգործարկվի ամբողջությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը