Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ:
ՊՆ-ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել սահմանային բանակցություններին մասնակցող բարձրաստիճան սպաներին զորքերի տեղակայման, պահպանության տեղամասերի ստեղծման, ըստ ուղղությունների՝ նոր միավորների ձևավորման գործընթացի վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը և Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջև սահմանային քննարկումները շարունակվում են:
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը