28 10 2020

Բերձորի ուղղությամբ գործողություններ են ընթացել, հակառակորդին չի հաջողվել առաջանալ․ ՊՆ



Այսօր՝ ողջ օրը, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր  ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի սահմանի երկայնքով՝ հյուսիսից մինչև հարավային ուղղությունը։ 

Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ մեր ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։ 

Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն․ մասնավորապես՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։ 

Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ, նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի աշխատանքները շարունակվում են։ Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն․ համառ բնույթ։ Այս ուղղությամբ որևէ առանձին, առարկայական զարգացում այս պահին նշել չեմ կարող։

«Ինչպես նշել եմ, մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, նույն ընդգրկվածությունը, նույն թափը, նույն դինամիկան։ Դրանք օջախային, բայց շարունակական են։ Կիրառվում են դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ օդուժ»,- ասուլիսին նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդի հարձակողական, լայնածավալ բռունցքի, թափի կոտրումը իրականացվել է  մեր կողմից, որից հետո շարունակվում են այլ բնույթի գործողություններ, որոնք դանդաղ, օջախային, սողացող բնույթ ունեն, շարունակվում են։ Հեշտ չէ միանգամից չեզոքացնել բարդ լեռնաանտառատեղանքում բավական մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չէ, որ իրենք այստեղ մեծ հաջողություններ ունեն, որովհետև, ինչպես ասում ենք, մենք մեր տունն ենք պաշտպանում, մենք մեր տան տերն ենք և հաղթելու ենք միանաշանակ։

Որոշ ուղղություններով, կարծես թե, Ադրբեջանը լրիվ վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին, և այս կապակցությամբ մենք հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան կորուստներ ու հետևանքներ են լինելու, այլև ողջ տարածաշրջանի պետությունների ուշադրությունն ենք հրավիրում»։

«Հյուսիսային ուղղությամբ դիրքային բարելավման մասին նշեցի, բայց չէի ուզենա, որ դա մեծ էյֆորիայի տեղ տար, որովհետև պատերազմ է, և ընթացքում լինում են և՛ նահանջներ, և՛ առաջխաղացումներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ