27 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի երեսունմեկերորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի երեսունմեկերորդ օրը․ Թարմացվում է

22։45

Հակառակորդն արդեն կորցրել է իր քանակական և տեխնիկական առավելությունը․ ՊՆ

22։20

Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Միաժամանակ, մի քանի բնակավայրերի նկատմամբ իրականացվել է հրետակոծություն», - ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ մարտական գործողություններ եղել են նաև հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև։

 

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ մի քանի գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարաունակվում է։

Հովհաննիսյանն ասաց, որ Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա։

«Այսօր փորձել են նաև Բերձորի ուղղությամբ հարձակում իրականանցնել, ինչպես նաև փորձել են մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահման, սակայն ոտնձգությունները հետ են մղվել ու հաջողության չեն հասել», - ասաց նա։

 

 

21:15

Ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու. Փաշինյանի ուղերձը

 

20։50

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը չի կայացել. Թրամփ

19։00

Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. կան տուժածներ

 

 

17:53

Պաշտպանության բանակի պաշտոնական էջում կրկին տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ՊԲ ստորաբաժանումները շարունակում ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին:

17:50

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 39 սպանված և 120 վիրավոր:

17:43

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը։

Երկրորդ զեկույցում զետեղվել են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերը հայ ռազմագերիների և դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ: Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերում տարածված ու խրախուսվող վարքագիծ է հայ զինծառայողների մարմինների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և դրա դրսևորումների հրապարակայնացումը: Այդ վարքագիծը մեծապես սերվում է Ադրբեջանում երկար տարիներ պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից:

Հաշվի առնելով, որ այդպիսի դեպքերի մասին վկայող ապացույցները ավելի քան բավարար են, որոնց մի մասը հրապարակվել է նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այդ կոպտագույն իրավախախտումների շարունակական ու համակարգային բնույթը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

17:21

Պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել, որում նշվում է. «Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ»:

16:26

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ

15:55

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը։

Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 83-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

 Արցախի Հանրապետության 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 11600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

15:16

Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն:

Ընդ որում այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի:

ՊԲ-ից հայտնում են, որ Մեխակ Սաֆարյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

14:26

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր։

Խոսնակը տեսանյութին կից գրել է՝ մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է ՀՀ սահմանի թիրախավորման մասին տեղեկությունը։

13:17

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 35 զինծառայող։ Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1009 է։ ՊԲ

12:24

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ»:

11:13

Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

10:53

Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։

Այդ ծանր պարտականությունների կատարումը նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները»,-գրել է Վահրամ Պողոսյանը։

10:37

ՊԲ-ն մարտական գործողություններից նոր կադրեր է հրապարակել։ Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ։

09:49

Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետեւանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ եւ վիրավորներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Կա քաղաքացիական առնվազն մեկ զոհ եւ մի քանի վիրավոր»,- ասել է Բեգլարյանը:

Մարտակերտի մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը փոխանցել է, որ այժմ քաղաքում անջատված է էլեկտրականությունը, քաղաքին հարվածներ են հասցրել մոտ 3 ժամ առաջ:

09:31

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է․

ԱՀ նախագահը ՊԲ նոր հրամանատար է նշանակել․ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է

09:17

Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։

Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

09:11

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում Է ՊԲ-ն։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ