29 07 2020

Ողբամ քեզ Սևան, սա սովորական խայտառակություն չէ, սա աղետ է․ Վահագն Վարագյան

Ողբամ քեզ Սևան, սա սովորական խայտառակություն չէ, սա աղետ է․ Վահագն Վարագյան

 «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյան գրում է․

«Շրջակա միջավայրի նախարարի ժ/պ-ի ասուլիսը տեսա՞ք: Ողբամ քեզ Սևան, ողբամ քեզ բնապահպանություն:

Հասկանո՞ւմ եք, թե Սևանը հիմա ինչ վիճակում է և ում ձեռքերում: Այս մարդիկ նույնիսկ չեն կարողանում պատշաճ մամուլի ասուլիս կազմակերպել: Կարելի էր չէ՞ գոնե եղանակային պայմանները ճշտել, թե՞ կարելի էր, բայց ձեռնտու չէր, որ էսպես լղոզեիք և անցներ գնար: Սա մամուլի ասուլիս չէր, սա մամուլի ասուլիսի ծաղր էր: Նախարարի ժ/պ-ն այն հարցին, թե այլ հարցեր կա՞ն, ասում է՝ «ստեղ մի տեղ պահեք էլի, իջնող կա», «հնարավո՞ր է, նավաստուն ասեք՝ մի քիչ արագ քշի»: Եթե խոսենք մասնագիտական հարցերից, նախարարի ժ/պ-ն պնդում է, թե լողալու համար տարածքային սահմանափակում չկա, սիգի հետ կապված էլ նշում է, որ չունենք քանակային խնդիր, իսկ այն հարցին, թե ձուկն այս պահին վտանգավո՞ր է մարդու առողջության համար, թե՞ ոչ, պատասխանում է՝ «ոչ, ոչ, վտանգավոր չի»՝ հավելելով, որ հետազոտություն չի իրականացվել, և որ դրա իրականացումը շատ բարդ է: Հարց է առաջանում չէ՞՝ այդ դեպքում ինչի՞ վրա եք հիմնվում՝ հերքելով ձկան վնասակարությունը, դեռ մի բան էլ նախատեսում եք ձուկն ուղարկել բանակ: Իսկ տարածքների մաքրման հարցում ֆիքսվեց, որ նախատեսված 750 հեկտարից մաքրված է միայն մոտավորապես 150 հեկտարը: Լրագրողի մտահոգությանը, թե այսքան կարճ մնացած ժամանակահատվածում կհասցնեք արդյո՞ք ևս 600 հեկտար մաքրել, նախարարի ժ/պ-ն պատասխանում է՝ «պետք է նենց անենք, որ հասցնենք», լրագրողը շարունակում է հարցադրումը՝ «իսկ եթե չստացվի՞»: Ի պատասխան դրան հնչում է նախարարի ժ/պ-ի «պետք է նենց անենք, որ չստացվել չլինի» պատասխանը: Մի խոսքով՝ անպատասխանատու բաժակաճառեր: Եվ այսպես. երեք տարվա կյանք ունեցող Սևանի ճահճացման պրոցեսների մասին տրված մամուլի ասուլիսից ի՞նչ ենք ֆիքսում. բոլոր հարցերը գտնվում են քննարկման, բանակցությունների և փաստաթղթերի փուլում, ոչ մի ռեալ գործընթաց այս պահին չի իրականացվում:

Ի՞նչ ունենք այս պահին.
1. Ունենք ճահճացող Սևան:
2. Ունենք կրճատվող ձկնապաշարներ և անհետացման եզրին կանգնած ձկան տեսակներ:
3. Ունենք անսահմանափակ քանակությամբ ցիանոբակտերիաներ:
4. Ունենք բույսերը բակտերիաներից ու ջրիմուռներից չտարբերող որոշում կայացնող պաշնոնյաներ:
Սա սովորական խայտառակություն չէ, սա աղետ է, ուղղակի աղետ»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ