27 07 2020

Նման նեղմիտ անձնավորությունն իրավունք չունի տեղ զբաղեցնելու ՍԴ կազմում․ հայտարարություն

Նման նեղմիտ անձնավորությունն իրավունք չունի տեղ զբաղեցնելու ՍԴ կազմում․ հայտարարություն

Քաղբանտարկյալների և Մարտի 1-ի զոհերի հարազատները երկրորդ հայտարարությունն են տարածել` ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության:

Հայտարարության մեջ նշվում է. «Կառավարության առաջարկած ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»:

Վահրամ Ավետիսյանի այս հայտարարության պահին հրապարակային բողոքով հանդես էինք եկել միայն մենք` քաղբանտարկյալներս և մարտիմեկյան ոճրագործության զոհերի հարազատները:

Ուստի «նեղ անձնական, հատվածական և խմբային շահերով» առաջնորդվողներ վիրավորական արտահայտությամբ, Ավետիսյանն ակնհայտորեն նկատի է ունեցել մեզ` ս.թ. հուլիսի 25-ի հայտարարությունը ստորագրած քաղբանտարկյալներին և Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Ըստ այդմ, ևս մեկ անգամ պնդում ենք, որ նման նեղմիտ, պարծենկոտ և փոքրոգի անձնավորությունն իսկապես իրավունք չունի տեղ զբաղեցնելու Սահմանադրական դատարանի կազմում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ