22 06 2020

Վարակակիրների տեղորոշման քարտեզը նպաստում է հասարակության մեջ խուճապային տրամադրությունների ստեղծման. Փաստահավաք խումբ

Վարակակիրների տեղորոշման քարտեզը նպաստում է հասարակության մեջ խուճապային տրամադրությունների ստեղծման. Փաստահավաք խումբ

«COVID-19 Փաստահավաք խումբը» հայտարարություն է տարածել համաճարակի պայմաններում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին, որը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է զբաղվել կորոնավիրուսի տարածմանը նպաստող գործունեությամբ՝ հայտնելով հակասական տեղեկություններ, ապատեղակատվություն պարունակող նյութեր, ինչպես նաև ձեռնարկելով քայլեր, որոնք խախտում են երկրում սահմանված արտակարգ դրության պայմանները՝ հասարակության շրջանում առաջացնելով խուճապ։

 

Այսպես․

2020 թվականի մարտի 19-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ փողոցում դիմակ կրելու իմաստ չկա։ Արձանագրենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 29-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր խորհրդատվական հրապարակման մեջ նշել էր, որ բժշկական դիմակների կրումն ունի կանխարգելիչ բնույթ, որի նպատակն է սահմանափակել որոշակի տեսակի ռեսպիրատոր ինֆեկցիաների՝ այդ թվում նոր կորոնավիրուսի տարածումը։ Սակայն, դիմակների կրումը կարող է արդյունավետ լինել միայն մի շարք այլ կանխարգելիչ միջոցառումների հետ միասին։

 

Ապրիլի 14-ին Արսեն Թորոսյանն ինքն իրեն հերքող հայտարարություն արեց դիմակների մասին․ «Այո, ասվել է, որ դիմակներն օգտակար չեն, բայց ես չեմ վարանում իմ մտքերը հերքել և ասել, որ նոր ուսումնասիրությունների համաձայն , կարելի է ասել, որ պետք է օգտագործել նույնիսկ ինքնաշեն դիմակներ՝ կտորից» ։

Դիմակների կրման մասին ԱՀԿ-ն իր հերթական խորհրդատվական հրապարակումն արել էր ապրիլի 6-ին, որով մանրամասն սահմանել էր, թե որ դեպքերում է խորհուրդ տրվում կրել դիմակներ՝ շեշտադրելով, որ համընդհանուր դիմակների կրումն առանց այլ կանխարգելիչ միջոցառումների իրագործման չի կարող արդյունավետ լինել, ինչպես նաև սահմանել էր հստակ չափորոշիչներ կտորե, ոչ բժշկական դիմակների համար՝ կտորի տեսակ, ձև, չափս և այլն։

Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ կատարել է զուտ ցուցադրական գործողություն՝ պարտադրելով հասարակությանը կրել դիմակներ՝ առանց հաշվի առնելու, որ եթե կտորե դիմակները պատրաստված չլինեն սահմանված չափանիշներին համապատասխան, ապա դրանք ոչ արդյունավետ կլինեն։

Հունիսի 18-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արեց հերթական հակասական հայտարարությունն՝ ասելով, որ պետք է կրել ոչ թե կտորե դիմակներ, այլ բժշկական դիմակներ։ Եվ սա այն դեպքում, որ մայիսի 30-ին ՀՀ կառավարությունը տեսանյութ էր հրապարակել տնային պայմաններում կտորե դիմակներ պատրաստելու մասին։

Դիմակների կրման վերաբերյալ ԱՀԿ-ի հերթական հրապարակումն արվել էր հունիսի 5-ին, որում մանրամասն ներկայացվել էր, թե որ դեպքերում է խորհուրդ տրվում կրել բժշկական և չափորոշիչներին համապատասխան պատրաստված կտորե դիմակներ։ Նորից նշվել էր, որ բժշկական դիմակների կրումն ունի կանխարգելիչ նշանակություն, սակայն միայն դիմակի կրումը չի կարող արդյունավետ միջոց լինել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, պետք է կատարվեն մի շարք այլ, ավելի կարևոր միջոցառումներ՝ վարակակիրների հնարավորինս արագ հայտնաբերում, թեստավորում, մեկուսացում, այլ անձանց հետ շփման բացառում և այլն։

Արձանագրենք, որ մինչ օրս Հայաստանում արվել է 96 843 կորոնավիրուսի թեստավորում՝ այսինքն թեստավորվել է բնակչության մոտ 3,26 տոկոսը և սա այն դեպքում, երբ թեստավորումների մոտ 21 տոկոսը դրական արդյունքով է։ Նշենք նաև, որ մայիսի 21-ին Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այլևս բուժօգնության կարիք չունեցող կորոնավիրուսի վարակակիրների մեկուսացում չի արվելու։

Հիմնվելով վերոնշյալի վրա՝ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն արձանագրում է, որ կառավարությունը հերթական անգամ կատարել է ցուցադրական գործողություն՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իբր պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ, սակայն կենտրոնանալով կանխարգելիչ միջոցառումներից ընդամենը մեկի վրա, որի արդյունավետությունն առանց մնացած կանխարգելիչ գործողությունների, գրեթե զրոյական է, նպաստել է կորոնավիրուսի տարածմանը։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը նաև արձանագրում է, որ կառավարության կողմից հրապարակված վարակակիրների տեղորոշման քարտեզը նպաստում է հասարակության շրջանում խուճապային տրամադրությունների ստեղծմանն, ինչն արտակարգ դրության պայմանների կոպիտ խախտում է։

Հերթական անգամ կոչ ենք անում կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին չվտանգել հանրային առողջությունը և հասարակության անվտանգությունը՝ տարածելով ապատեղակատվություն, հակասական տեղեկություններ կորոնավիրուսի մասին, ձեռնարկելով քայլեր, որոնք կարող են խուճապ առաջացնել հասարակության շրջանում՝ նպաստելով կորոնավիրուսի ավելի լայն թափով տարածմանը։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հերթական անգամ հայտարարում է, որ Հայաստանում կորոնավիրուսի լայն թափով տարածման, բազմաթիվ մահվան դեպքերի և հանրային առողջության վտանգման ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ