2020թ-ի հունիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 113 հոդված, որոնցից 39-ը եղել է բացասական, 74-ը՝ չեզոք։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։
Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը նշել է, որ Հայկ Մարությանը կորոնավիրուսային ճգնաժամի օրերին 10 մլն դրամ է հատկացրել թաղապետերից մեկին նոր ծառայողական մեքենա գնելու համար։
Աժ պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձել է քաղաքապետի բյուջեի քննարկմանը չներկայանալուն. «Քաղաքապետը միակ պաշտոնյան է, ով բյուջեի քննարկումներին երկրորդ անգամ չի գալիս․ նույնիսկ վարչապետը, վարակված լինելով, կարողացել է մասնակցել»:
Նույն թեմային անդրադարձել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Ըստ Թունյանի` իրենք հրավիրել են Հայկ Մարությանին, սակայն հետո տեղեկացրեցել են, որ քաղաքապետի փոխարեն կգա նրա տեղակալ Հայկ Սարգսյանը, որը, չսպասելով իր հերթին, շուտ հեռացել է նիստից։ Պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ խորհրդարանականներն այնքան էլ շատ հնարավորություն չեն ունենում զրուցել եւ հարցեր տալ Երեւանի քաղաքապետին։
Քաղաքացիների քննադատությունները կապված են տրանսպորտի, թափառող շների և այլ քաղաքային չլուծված խնդիրների հետ, որոնք եղել են Հայկ Մարությանի նախընտրական խոստումների շարքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը