30 04 2020

Ucom ընկերության շուրջ կատարվողը անօրինական գործողություն է. Սեդրակ Ասատրյան. Tert.am

Ucom ընկերության շուրջ կատարվողը անօրինական գործողություն է. Սեդրակ Ասատրյան. Tert.am

«Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանի հետ Tert.am-ը զրուցել է Ucom ընկերության շուրջ տեղի ունեցող զարգացումների, ընկերության տնօրենների խորհդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի, Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունների, փոխադարձ մեղադրանքների մասին: Սեդրակ Ասատրյանի կարծիքով, այն, ինչ կատարվում է Ucom ընկերության հետ, անօրինական գործողություն է և պետական ռեկետ:

- Պարոն Ասատրյան, օրերս Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը: Սա ինչի՞ մասին է խոսում:

- Դա անօրինական գործողություն է, պետական ռեկետ: Այո, Ucom-ի հիմնադիրը ուղիղ հայտարարեց, որ առաջարկել են որ բաժնետոմսերը վաճառեն և գումարը մուտք անեն բյուջե: Դրա մասին խոսեց վարչապետի խոսնակը, այնպես որ, ակնհայտ է, որ պետական ռեկետի մասին է խոսքը: Եթե նկատի ունեք իրավական գործիքակամզը, այն չկա, քանի դեռ չկա դատարանի վճիռ:

- Խաչատրյանի հայտարարությանը հետևեց վարչապետի խոսնակի հայտարարությունը, որտեղ խոսնակը խոսում էր ապօրինի գույքի բռնագանձման մասին: Նա հայտարարեց, թե վարչապետն ասել է՝ գողացվածը պետք է վերադարձվի: Սակայն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը դեռևս ուժի մեջ չէ: Այսինքն՝ օրենքը դեռ չկա նման բաներ են արվում, ի՞նչ եք կարծում օրենքի ընդունումից հետո ի՞նչ է սպասվում:

- Օրենքի ընդունումից հետո մոտավորապես պատկերացնում եմ՝ ինչ է սպասվում, չնայած՝ վստահ եմ տեղ չի հասնի, օրենքը հակասահմանադրական կճանաչվի, բայց այն, ինչ հիմա արվում է օրենքի հետ աղերս չունի: Դա ո´չ Սահամանդրության, ո´չ իրավական պետության, ո´չ որևէ օրեսնդրության հետ որևէ աղերս չունի: Դա ուղղակի կամայական, տղայական ինչ-որ բան է: Ինչ անուն ասես կարող ենք կպցնել, բացի օրինականից: Չեմ կարող քաղաքական գնահատական տալ, որպես կանոն հեռու եմ մնում քաղաքականությունից, բայց սա որ արվում է, թվում է՝ առաջին հայացքից սովորական վրեժխնդրույուն է, վենդետա կոչվածը և այս գործողությունները որևէ աղերս չունեն հանդուրժողականության ու սիրո, այսպես ասած թավշյա հեղափոխության կարգախոսների հետ:

- Վարչապետի խոսնակը նաև հայտարարեց, որ ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը: Ի՞նչ է նշանակում կառավարության ունեցած տվյալներով, չէ որ դատարանի որոշում չկա կայացված: Սա ինչի՞ մասին է խոսում:

- Եթե մարդկանց մեղադրում են ինչ-որ բանի մեջ, ժողովրդին հրամցնում են, որ դա անօրինական է, գուցեև դա այդպես էլ է, բայց քանի դեռ մենք չունենք օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ, հետևաբար մենք պետք է սրբորեն պահպանենք անմեղության կանխավարկածը և չպետք է անենք այդպիսի հայտարարություն, անգամ եթե երկրի վարչապետ ենք: ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու իրավասություն ունի միայն դատարանը: Նորից եմ ասում՝ եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ կամ դատավճիռ, ցանկացած կառույցի, ցանկացած մարմնի, այդ թվում կառավարության ունեցած տեղեկությունները, քանի դեռ չեն հաստատվել դատարանում, անմեղության կանխավարկածը պահանջում է, որ որևէ մեկը որևէ հայտարարություն չանի և որևէ ճնշում չգործադրի տնտեսվարող սուբյետկի վրա:

Սա Հայատսանի տնտեսությունը կործանելու ուղիղ ճանապարհ է: Եթե մենք մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ խոսում էինք ներդրումների, օտարերկրյա ներդրումների խթանման մասին, ասում էինք՝ միջավայրը լավը չէ, հիմա այս գործողությունների հետևանքով մենք ընդհանրապես ներդրումների որևէ ակնկալիք չպետք է ունենանք: Հակառակը՝ սա ուղիղ ճանապարհ է տնտեսությունը քանդելու, պետական ռեկետի և այլն, ինչի համար շատ ափսոսում եմ:

- Պարոն Ասատրյան, այդ դեպքում ինչո՞ւ է պարբերաբար այսպես լինում, խախտվում անմեղության կանխավարկածը, սա առաջին դեպքը չէ, ո՞րն է շահը, նպատակը:

- Դա պետք է հարցնել կառավարությանը, վարչապետին, իրավապահ մարմիններին, չեմ կարող ասել, մոտավորապես պատկերացումներ ունեմ, բայց չեմ կարող հստակ ասել, ինչի համար է արվում, որևէ տրամաբանության մեջ չեմ կարողանում հասկանալ դա: Որևէ լուրջ մարդ չեմ կարծում, կարողանա դրա հիմնական պատճառները ասել: Դրանք բացառապես անօրինական, իրավունքի հետ աղերս չունեցող հայտարարություններ են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ