20 04 2020

Կաթողիկոսի առաջարկը չպետք է տեղի տար վիրավորանքների․ քահանա Մելիքյան․ Tert.am



Tert.am-ը գրում է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդամենը հորդորել է հոգալ կալանավայրերում գտնվող անձանց, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահի առողջության հարցերը, և դա չի կարող մեկնաբանվել իբրև եկեղեցու կողմից փորձ՝ մուտք գործելու քաղաքականություն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Եկեղեցին՝ իբրև հաստատություն, իրավունք ունի արտահայտվելու հանրությանը հուզող այս կամ այն խնդրի վերաբերյալ: Ի տարբերություն շատուշատ իշխանությունների՝ եկեղեցին ունի ինստիտուցիոնալ հիշողություն և փորձառություն, որը գալիս է դարերի խորքից, և դա թելադրում է մեզ որոշակի վարքականոններ ու արժեքներ: Մայր Աթոռին որևէ մեկը չի կարող մեղադրել անցած քսանամյակում նմանատիպ հարցերում չարտահայտվելու մեջ»,- ասել է հոգևորականը:

Ըստ Տեր Վահրամի՝ միայն «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ կաթողիկոսը հինգ ուղերձ է հղել, լարված իրավիճակը հանգուցալուծելու համար եկեղեցին մի շարք քայլեր է ձեռնարկել. «Եկեղեցին իր պատկան կառույցներով այցելել է և՛ քաղբանտարկյալներին, և՛ այլոց, այդ խնամքը մեր մշտական առաքելության մի մասն է: Մայր Աթոռը բոլոր ժամանակներում էլ գործելու ազատություն է ունեցել, թեև միշտ չէ, որ իշխանության հետ մեր հարաբերություններում ամեն ինչ հստակ է եղել: Եկեղեցին չի եղել ո՛չ տերպետրոսյանական, ո՛չ քոչարյանական, ո՛չ սարգսյանական և ո՛չ էլ փաշինյանական է լինելու»:

Հոգևորականի պնդմամբ՝ ժողովրդի համար արվող գործերի մեծմասը եկեղեցին չի հանրայնացնում, թեև հասարակական կառույցներից հենց Մայր Աթոռն է ժողովրդին ամենաշատ աջակցություն ցույց տալիս. «Ամենայն Հայոց Հայրապետն առանձին անձ չէ, նրա հնչեցրած տեսակետները մեծ ճանապարհ են անցնում՝ մինչև հանրությանը հասնելը: Եկեղեցին մեկ մարմին է, որտեղ բոլոր որոշումները քննարկվում ու խորհրդակցվում են: Կաթողիկոսի հարցազրույցը Մայր Աթոռի դիրքորոշումն է»:

Տեր Վահրամի պնդմամբ՝ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում արհեստական հակադրություն ստեղծել Մայր Աթոռի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև, բայց նվիրապետական երկու աթոռներն ունեն փոխըմբռնում և համատեղ օրակարգ. «Ներհասարակական այս լարվածությունը փարատելու պատասխանատվությունն իշխանությանն է: Հարցազրույց տալիս կաթողիկոսը տեղյակ չի եղել, որ ԱԱԾ-ում Նավասարդ արք. Կճոյանի դեմ քրգործը վերաբացվել է: Ուզում եմ հավատալ, որ այս համընկնումն ընդամենը զուգադիպություն է: Մենք հավատում ենք Նավասարդ Սրբազանի անմեղությանը, նա հարգված եկեղեցական է մեր ժողովրդի կողմից»:

Տեր Վահրամի կարծիքով՝ կաթողիկոսն ընդամենը մարդասիրական առաջարկ է արել, այն չպետք է տեղի տար իշխանության անպարկեշտ արտահայտությունների և վիրավորանքների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ