Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել արտակարգ դրության պայմաններում համայնքի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող քաղաքապետի տեղակալները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից։
Զեկուցվել է, որ համայնքային բոլոր կառույցները նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով որոշ փոփոխություններ են մտցրել աշխատանքների կազմակերպման մեջ՝ շարունակելով իրենց պարտականությունները: Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներից առցանց ստացվող դիմումները, բողոքներն ու հարցումները, որպեսզի դրանց նախատեսված ժամկետում տրվեն պատասխաններ:
Այս օրերին որոշ քաղաքացիներ փորձում են չարաշահել արտակարգ դրության ռեժիմը և դիմում են ապօրինությունների: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և քայլեր ձեռնարկել ապօրինի շինարարությունները անմիջապես կասեցնել:
Երևանի առողջապահական հիմնարկներում աշխատանքն արտակարգ ռեժիմով է կազմակերպվում: Համայնքային պոլիկլինիկաները հերթապահում են նաև շաբաթ-կիրակի: Ամեն օր համայնքային շուրջ 70 ավտոբուս 3-անգամյա ռեժիմով աշխատանքի է հասցնում ավելի քան 1800 բուժաշխատողի:
Միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու կյանքի է կոչում սոցիալական հատուկ ծրագիր։ Մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերվում է աջակցություն:
Քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բոլոր ստորաբաժանումներին՝ արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը