02 09 2024

Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում․ «Հետք»

Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում․ «Հետք»

«Հետք»-ը գրել է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է անում։ Սուքիասյանները վերակառուցում են Խորենացի 31/2 հասցեում գտնվող «Պիցցա Դի Ռոմա» սրճարանը։

Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ տարածքի սեփականատերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա եղբայրները՝ Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյանները։

Տարածքը պատկանում է Սուքիասյաններին, սակայն վարձակալության է տրված «Մալինովկա» ՍՊԸ-ին։ Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մալինովկա» ՍՊԸ-ի 100% բաժնետերն ու իրական շահառուն Մարտին Հայրապետյանն է։ Նա մինչև 2023թ. օգոստոսը եղել է նաև «Քուին բուրգեր» ՍՊ ընկերության 100% բաժնետերն ու իրական շահառուն։

Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձավ, որ նա նաև Սուքիասյաններին պատկանող «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի օդաչուներից է։

Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ «Պիցցա Դի Ռոմա»-ում արդեն իսկ սկսված շինարարության համար ընկերությունը շինթույտվություն չի ունեցել։ Քաղաքապետարանն օրեր առաջ վարչարարություն է իրականացրել, ընկերությունը կտուգանվի։

«Առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է քարեշարվածքով տանիքի վերակառուցման շինարարական աշխատանքներ, որի կապակցությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացի Աշոտ Շահբազյանի նկատմամբ կազմվել է համապատասխան արձանագրություն»,- հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ շինության սեփականատիրոջ՝ Սուքիասյանների փոխարեն արձանագրությունը կազմվել է ոմն Աշոտ Շահբազյանի անունով, քաղաքապետարանի լրատվականից մեկնաբանեցին, որ հնարավոր է առանց սեփականատիրոջ գիտության մասնավոր տարածքում ինքնակամ շինարարություն արվի։

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ մեր հարցին, թե ինչու է ապօրինի շինարարություն իրականացվում, պատասխանեց. «Ի՞նչ շինարարություն, վերանորոգում է իրականացվում»։ Դիտարկմանը, թե մեր աչքով ենք տեսել՝ ինչպես են երկրորդ հարկ կառուցում, քաղաքապետարանն էլ վարչարարություն է իրականացրել, Մկրտչյանն ասաց՝ «առաջին անգամ Ձեզնից եմ լսում»։

Խնդրեցինք Աննա Մկրտչյանին ճշտել՝ շինարարություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ և զանգահարել մեզ։ Մկրտչյանը ճշտելուց հետո հայտնեց, որ տանիքն է վերանորոգվում. ջուր էր կաթում։

Սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորը և իր հետ փոխկապակված անձինք ապօրինի շինարարություն են անում Երևանի կենտրոնում։ 2022թ.-ին գրել էինք, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի մայթին գտնվող «Քուին բուրգեր» սննդի կետն ապօրինի ընդլայնվել է։ Երևանի քաղաքապետարանից այդ ժամանակ հայտնել էին, որ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն ապօրինի՝ առանց թույլտվությունների, իրականացրել է շինության վերակառուցման, մասնավորապես՝ քարե պատերի և ծածկի կառուցում։

Քաղաքապետարանն այսպես էլ չկարողացավ կամ չցանկացավ խիստ գործողություններով կանխել ապօրինի շինարարությունը, որից հետո վերակառուցված սննդի կետի երկրորդ հարկում նոր ռեստորան բացվեց»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ