08 08 2024

Եվրասիական բանկը օգնություն կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքների հաղթահարմանը

Եվրասիական բանկը օգնություն կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքների հաղթահարմանը

 

Եվրասիական զարգացման բանկը 100 մլն դրամ նվիրատվություն կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Գումարը կտրամադրի ֆինանսների նախարարությանը, որը պարտավորվում է ապահովել վերոնշյալ անհատույց միջոցների նպատակային օգտագործումն՝ ուղղելով դրանք սոցիալական, հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի խնդիրների լուծմանը:

Որոշումը ներառված էր գործադիրի՝ օգոստոսի 8-ի նիստում։

Կառավարությունը Լոռու և Տավուշի մարզերը հայտարարել է աղետի գոտի։ Ձորագետ և Դեբեդ գետերի վարարման և հունից դուրս գալու հետևանքով մի շարք համայնքներ կրել են մեծածավալ վնասներ։ Մասնավորապես, վնասվել են տրանսպորտային միջոցներ, մի շարք բազմաբնակարան շենքերի առաջին հարկեր և սեփական տներ ամբողջությամբ լցվել են ջրով, վնասվել կամ կորսվել են այգիներ, մշակաբույսեր, գետերի ուժեղ հոսքի պատճառով անասնապահությամբ զբաղվող բնակիչները կորցրել են նաև խոշոր և մանր եղջերավոր կենադանիներ։

Մեծ վնասներ են կրել համայնքներում գործող հյուրանոցային և ռեստորանային համալիրները, հանրային սննդի կետերը, առևտրով զբաղվող խանութները, սպասարկման կենտրոնները։

Ենթակառուցվածքներին հասցված վնասների հետևանքով մի շարք բնակավայրեր զրկվել են էլեկտրամատակարարումից, ջրամատակարարումից, գազամատակարարումից, կապից, ինչպես նաև սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը։

Մ-4 և Մ-6 մայրուղիների հարակից տարածքներում տեղի են ունեցել ավերածություններ։ Մեծ վնաս է հասցվել Այրումի երկաթգծի մաքսատանը։

Փլուզվել են հենապատեր, կամուրջներ, ոռոգման պոմպակայաններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ