11 11 2019

Սա շրջիկ առևտուր չէ. քաղաքը սա չի կարող թույլ տալ. Հայկ Մարության

Սա շրջիկ առևտուր չէ. քաղաքը սա չի կարող թույլ տալ. Հայկ Մարության

Երևանում նախորդ շաբաթ ապամոնտաժվել է 18 ապօրինի կրպակ ու տաղավար: Բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների ստորաբաժանումների աշխատանքներն ամենօրյա են: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով առևտրի շրջիկ մեքենաների գործունեությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ բոլոր տնտեսվարողները ևս մեկ անգամ պետք է տեղեկացվեն և զգուշացվեն, որ խնդրի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծն արդեն ԱԺ-ում է:

«Չնայած օրենքում առկա բացերին, այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ: Դրանք կրպակներ են՝ անիվների կամ քարերի վրա: Քաղաքը սա չի կարող թույլ տալ: Առաջիկայում կլինեն օրենսդրական փոփոխություններ, որոնցով կկարգավորվի ոլորտը: Լինելու է իսկապես շրջիկ առևտուր՝ այսինքն մեքենաները մշտապես կայանած չեն լինելու նույն վայրում: Իսկ թույլատրելի վայրերը, ժամերն ու մյուս չափորոշիչները կսահմանի քաղաքի ավագանին»,-նշել է քաղաքապետը:

Աղբահանության խնդրի վերջնական կարգավորմանը զուգահեռ քաղաքապետարանը սկսել է աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը: Տնտեսվարողների հետ համագործակցությամբ տեսակավորվող ստվարաթղթի տեղափոխման համար կառանձնացվեն նոր մեքենաներ: Բնակիչների համար էլ քաղաքային իշխանությունը մտադիր է առանձին տեսակավորող աղբամաններ ունենալ:

Ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման վերջնաժամկետը սահմանվել է դեկտեմբերի 1-ը:Քաղաքացիներն առաջիկա օրերին կիրազեկվեն նաև բջջային հեռախոսահամարներին ստացվող կարճ հաղորդագրություններով: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է՝ ժամանակին վճարելով գույքահարկն ու հողի հարկը, կխուսափեք տույժերից ու տուգանքներից:

Կարևոր է նաև իմանալ, որ քաղաքի խնդիրները հնարավոր է լուծել հենց քաղաքացիների անմիջական մասնակցության ու հարկերի պարտաճանաչ վճարման շնորհիվ:Երևանի քաղաքապետարանը քայլեր կձեռնարկի՝ կարգավորելու հետիոտնային անցումների անվտանգությունը, կտեղադրվեն քաղաքացիների կանչով աշխատող լուսացույցեր: Զեկուցվել է, որ մինչև տարեվերջ ևս 5 անցում կունենա նման լուսացույց: Հաջորդ տարի նույն մոտեցումը կցուցաբերվի ևս 36 հատվածներում: Քաղաքապետի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանության հետ աշխատանքներ կտարվեն նաև կարգավորելու տվյալ հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը:

Քաղաքապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը, որը կհետաքրքրի ոչ միայն Երևանի բնակիչներին, այլև քաղաքի հյուրերին:

«Այս տարի Ամանորը պետք է նշվի յուրահատուկ ձևով, ունենանք ծրագիր, որ մեր քաղաքացիները, այլընտրանք փնտրելու փոխարեն, Ամանորն անցկացնեն հենց քաղաքում՝ Հանրապետության հրապարակում: Այդ օրերին Երևանը հյուրընկալում է նաև արտերկրից ժամանած մեր բազմաթիվ հայրենակիցներին ու այլ զբոսաշրջիկներին: Այս առումով շատ կարևոր է տոնական օրերը հետաքրքիր դարձնել նաև տուրիզմի զարգացման տեսանկյունից»,-նշել է քաղաքապետը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ են հստակեցնել մոտեցումները:«Արձակուրդի ընթացքում, լինելով եվրոպական որոշ քաղաքներում, ունեցա ոչ պաշտոնական մի շարք հանդիպումներ՝ աղբահանության, տրանսպորտի, առևտրի և մի շարք այլ ոլորտների առաջատար մասնագետների հետ, ծանոթանա իրենց փորձին: Մեկ օրում կամ մեկ տարում այդ ամենին հասնել, իհարկե, հնարավոր չէ, սակայն, ձգտելով եվրոպական չափանիշներին, հնարավոր է կոնկրետ քայլերով գնալ դեպի նպատակ: Հնարավոր է՝ հիմա սկսած աշխատանքի արդյունքը երևա տասը տարի հետո: Բայց այդ արդյունքն ունենալու համար պետք է սկսել այսօր: Պետք է հանգիստ աշխատենք՝ իմանալով, թե ուր ենք գնում»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ