03 10 2019

«Ավրորա»-ն ստացել է Հռոմի Պապի հատուկ օրհնությունը

«Ավրորա»-ն ստացել է Հռոմի Պապի հատուկ օրհնությունը

Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի և համայնքի առաջնորդների հետ:

Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը: Պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ: 

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները խնդրեցին Նորին Սրբության օրհնությունը: Նախաձեռնությունը շարունակում է ջանքեր գործադրել աշխարհի տարբեր անկյուններում ամենախոցելի և ծայրահեղ կարիքի մեջ գտնվող համայնքներում աղքատությունը կրճատելու, առողջապահությունը բարելավելու և կրթություն ապահովելու ուղղությամբ: Պատվիրակությունը ներկայացրել է նաև #AraratChallenge շարժումը, որի նպատակն է ոգեշնչել մարդկանց՝ ներկայացնելու երախտագիտության սեփական պատմությունը, կատարելով նվիրատվություն և մաս կազմելով մարդասիրական շարժման:  

«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ Նորին Սրբության հատուկ օրհնությունը: Առաջնորդվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը տարածելու և դրա ազդեցությունն առավելագույնի հասցնելու հանձնառությամբ՝ կարևոր է, որպեսզի մենք սերտ հարաբերություններ կառուցենք հոգևոր, կառավարական, մասնավոր հատվածների և մշակույթի ականավոր դեմքերի հետ աշխարհի տարբեր անկյուններում: Այսօր Վատիկանում կայացած հանդիպումը մեզ թույլ է տալիս ընդգծել «Ավրորա» նախաձեռնության կարևորագույն գործունեությունն ու անհրաժեշտությունն ավելի մեծ աջակցության, քանի որ մենք ընդլայնում ենք մեր ջանքերը երկարաժամկետ նպատակներով»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի և Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ հանդիպումները լավ առիթ էին՝ ամփոփելու արածը և վերագնահատելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ու  համաշխարհային ազդեցությունը: Այնուամենայնիվ, մեր գործը դեռ նոր է սկսվել: Այս ամիս Երևանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումին մենք կքննարկենք համաշխարհային մարտահրավերները՝ փորձելով գտնել լուծումներ»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ստեղծված Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի ցանկացած անկյունում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ։

Անդրադառնալով հանդիպմանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ և 2017թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան ավելացրել է․ «2017-ին միանալով «Ավրորայի» համայնքին՝ ինձ համար պատիվ է անձամբ հետևել այն անհավանական աշխատանքին, որն անում է մեր նախաձեռնությունն ամբողջ աշխարհում: Որպես կաթոլիկ միսիոներ՝ մեծ պատիվ էր այս այցի շրջանակում հանդիպել Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Աննկարագրելի հուզված եմ: Միայն համաշխարհային մտքի առաջնորդների և փորձագետների հետ համագործակցության, ինչպես նաև  առաջնագծում աշխատող անհատների և կազմակերպությունների աջակցության շնորհիվ է հնարավոր շարունակել մեր աշխատանքը երկարաժամկետ ապագայում»։

Եվս երկու շաբաթ և հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը։ Այն կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մարդասիրական  ոլորտների լավագույն ներկայացուցիչներին: Ֆորումի ընթացքում նրանք կքննարկեն և կառաջարկեն համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները դիմագրավելու նոր լուծումներ և հնարավորություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ