Բաքվի դատարանը երկարաձգել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, իբր «քրեական գործով հիմնավոր կասկածներ են հարուցվել, որ ՀՀ քաղաքացի, 1968 թվականին ծնված Ռուբեն Վարդանյանը կատարել է 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (անօրինական զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) 318.1 (Ադրբեջանաի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով նախատեսված հանցագործություններ»։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ:
2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար»։
Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը