Վրաստանում ՀՀ դեսպանությունը Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է։
«Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։
Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին, իր փոխանցմամբ, որևէ բողոք և խնդիր չունի ու նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։ Այսօր նրա հետ տեսակցել են նաև Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։
Դեսպանության դիվանագետները նաև հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև և նաև ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաև ձերբակալվածի և նրա ծնողի միջև։ Դեսպանությունը նաև իր իրավաբանի միջոցով բողոք է ներկայացրել դատարան, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։ Գործի շրջանակներում հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կտեղեկացնի ամենասեղմ ժամկետներում»։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա։ Այս մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։
Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։
Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը