09 11 2024

Երկակի արժեհամակարգերի ու ստանդարտների ստվերը․ «Փաստ»

Երկակի արժեհամակարգերի ու ստանդարտների ստվերը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ-ում կայացած ընտրությունների արդյունքներով նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը: Աշխարհաքաղաքական հարաբերություններում, հակամարտություններում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այս ընտրությունների արդյունքում, և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրանք մեր տարածաշրջանի վրա: Այս և այլ թեմաների շուրջ է քաղաքագետ Աղվան Պողոսյանի վերլուծությունը «Փաստի» համար. «Թերևս, մենք ականատես եղանք պատմության մեջ ԱՄՆ նախագահի աթոռի համար ամենադրամատիկ պայքարին։ Թրամփի և Բայդենի նախորդ մենամարտը 2020 թվականին և նրա դիմակայությունը Հիլարի Քլինթոնի հետ 2016 թվականին համեմատության մեջ չեն մտնում: 

Դեռևս իր նախընտրական քարոզաշավի մեկնարկում Թրամփը հնչեցրեց հավակնոտ նախաձեռնություն՝ ավարտել հակամարտությունն Ուկրաինայում (իբր այդ ծրագիրը նախատեսում է շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունների դադարեցում, ապառազմականացված գոտու ստեղծում և Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակ): Հենց այդ պատճառով Կիևում մեծ հույսեր էին կապում Կամալա Հարիսի հաղթանակի հետ, որը խոստանում էր փողով և զենքով աջակցել Զելենսկու ռեժիմին: Թրամփի հաղթական վերադարձը օվալաձև կաբինետ և հանրապետականների կողմից խորհրդարանի երկու պալատների վերահսկողությունը նշանակում է, որ արտաքին քաղաքականության վեկտորը ուրվագծվելու է Հանրապետական կուսակցության կողմից: Հանրապետականները սկզբունքորեն հասկանում են, որ Ուկրաինան դատապարտված է տանուլ տալ պատերազմը: 

ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Ջեյմս Վենսը հանրային տիրույթում բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է իր ուժերն ու ռեսուրսները փոշիացնի Ուկրաինայի վրա: Նրա կարծիքով, որը կիսում է Հանրապետական կուսակցության մեծամասնությունը, ԱՄՆ-ը պետք է պատրաստվի Չինաստանի հետ մենամարտին: Այդ իսկ պատճառով Սպիտակ տան նոր վարչակազմը կձգտի պայմանավորվել Կրեմլի հետ, որպեսզի բացառվի Մոսկվայի ակտիվ մասնակցությունը ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր հակամարտությանը: Սպասվում է, որ Թրամփը վերջ կդնի Կիևի ռեժիմի ապաշնորհ ծախսերին ՝ Ռուսաստանի դեմ անիմաստ պատերազմի համար: Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցության ամբողջական դադարեցման դեպքում Զելենսկու ռեժիմը կդադարի գոյություն ունենալ մի քանի օրվա ընթացքում: ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մեկ անգամ չէ, որ բախտի քմահաճույքին է թողել իր խամաճիկներին, երբ նրանց աշխարհաքաղաքական ծրագրերը ձախողվել են։ Ահա այսպես պատմության աղբանոց նետվեց «Միխեիլ Սաակաշվիլի» կոչվող նախագիծը: 

Վրաստանի նախագահը, որը հավատացել էր «լուսավոր եվրոպական ապագայի» մասին արևմտյան բարեկամների խոստումներին, պատերազմ է սանձազերծել Հարավային Օսիայի դեմ ՝ նպատակ ունենալով վերացնել տարածքային հարցը ՆԱՏՕ-ին շուտափույթ անդամակցության համար: Ռուսական բանակի վճռական գործողությունները թույլ չտվեցին հաջողությամբ պսակվել այս արյունալի արկածախնդրությանը։ Վրաց ժողովուրդն իր դժվարին փորձով համոզվել է, թե որքան թանկ կարող են նստել երկրի ղեկավարության արտաքին քաղաքական ինտրիգները: Հաշվի առնելով նախկին սխալները՝ Վրաստանի կառավարությունը մշակել է ինքնիշխան արտաքին քաղաքական կուրս, որը համապատասխանում է պետության և նրա ժողովրդի ազգային շահերին: Ինչ վերաբերում է Վլադիմիր Զելենսկուն, ապա ճակատագիրը մնում է աննախանձելի: Մոտ ժամանակներս նրա ռեժիմը կարող է զրկվել ԱՄՆ-ի ֆինանսական, ռազմական և քաղաքական հովանավորությունից: 

ԵՄ երկրները, որոնք վաղուց կորցրել են աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը, չունեն ռազմաարդյունաբերական համալիրի հզորություններ, որոնք կարող են փոխարինել ԱՄՆ-ից ռազմական օգնությանը: Վրացական և ուկրաինական սցենարները ցույց են տալիս, թե ինչ վտանգ են ներկայացնում արևմտյան փամփուշտների հետ սիրախաղերը` այդ երկրների ժողովուրդների բարեկեցության համար: Այս պահին մեր երկիրը կանգնած է աշխարհաքաղաքական խաչմերուկում։ Հայաստանի կառավարիչների կողմից արտաքին քաղաքական կուրսի փոփոխության կամ նմանատիպ նախաձեռնությունները հղի են ուկրաինական սցենարի հետևանքներով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ