Երևանի 46 համարի երթուղայինի վարորդն ազատվել է աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից»,–գրել է Կարապետյանը:
Նրա տեղեկացմամբ` ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաև ավելի ուշադիր լինել ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հարցում:
Հիշեցնենք, որ հունիսի 10–ին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր տեսանյութ, որտեղ ուղևորուհին վարորդից պահանջում էր չծխել երթևեկության ժամանակ։ Վերջինս էլ ընդդիմացել էր՝ պահանջելով իջնել երթուղայինից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը