24 04 2019

Ներման մասին կարող է խոսք լինել միայն, եթե մեղավորը զղջում է. Հայր Թովմա

Ներման մասին կարող է խոսք լինել միայն, եթե մեղավորը զղջում է. Հայր Թովմա

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակների զետեղումից հետո, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ու պետական այրերի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնից:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Այս առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Սուրբ Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը, անդրադառնալով  օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «....Արդյո՞ք Աստված ցանկանում էր, որ տեղի ունենար ցեղասպանությունը, և երկրորդ՝ ու՞ր էր Քրիստոս:

Նախ ինչո՞ւ Աստված թույլ տվեց մեր ժողովրդի դաժան կոտորածը: Այս հարցի առջև պետք է դնել մեկ այլ հարց` արդյո՞ք Աստված ցանկանում էր Իր Որդու չարչարանքներն ու մահը: Իմանալով Աստծո բարությունն ու սերը, գթությունն ու ողորմածությունը՝ կարող ենք ասել, որ Աստված չէր կամենում այդ արյունալի չարագործությունները: Մեր ժողովուրդը մի նոր Հոբ էր: Իրապես, աստվածաշնչյան Հոբի կերպարի մեջ կարող ենք մարմնացած տեսնել մեր ժողովրդի համբերությունը, նվիրվածությունը, առ Աստված ունեցած հավատարմությունը: Եթե առաքյալը երանի է տալիս այն մարդուն, անհատին, որ փորձության մեջ ընկնելով՝ չի կորցնում հավատարմությունն առ Աստված, ապա որքան առավել ևս երանելի է մի ողջ ազգ, մի ողջ  հավաքականություն, որ ընդունեց իր Գողգոթան, խաչվեց, կորցրեց ու, թվաց, թե կորսվեց, բայց, ահավասիկ,  խոսում ենք մեր լեզվով, հավատում մեր կրոնով և վայելում արդեն սրբացած մեր բյուրավոր նահատակների բարեխոսական օրհնությունը:

Ու՞ր էր Քրիստոս, երբ մի ողջ ժողովուրդ սրի էր քաշվում և ոչնչացվում: Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր ժողովրդի մեջ էր, չարչարվում էր նրա հետ միասին և կրկին լսվում էր գոչյունը սաստիկ. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27.46):

Այո՛, ցեղասպանությամբ սրբացած մեր նախնիները հանդիպեցին Քրիստոսի անվան համար երբևէ տեղի ունեցած ամենամեծ չարիքին»:

Հայր Թովման խոսեց նաև ցեղասպանություն իրագործած պետության և ժողովրդի ժառանգների հանդեպ ներողամտություն դրսևորելու վերաբերյալ:

«Ներման մասին կարող է խոսք լինել միայն, եթե մեղավորը զղջում է, խոստովանում կատարած հանցանքը և պատրաստակամություն դրսևորում փոխհատուցելու վնասը: Իհարկե, մեր պարագայում անհնար է խոսել փոխհատուցումից, քանի որ բարոյական վնասն այնքան խորն ու անբովանդակ է, որ թե՛ եկեղեցական և թե՛ աշխարհիկ իրավական չափանիշներով հնարավոր չէ մեր ժողովրդին պատճառած վնասի փոխհատուցումը սահմանել»,- հաստատեց Հայր Սուրբը՝ հավելելով, որ աշխարհը պարտավոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը նախ և առաջ հենց ինքն իր համար, որպեսզի չկրկնվեն հոլոքոստները, Ռուանդայի և Նիգերիայի ժողովուրդների ցեղասպանությունները, որպեսզի աշխարհի երեսից իսպառ վերանա հանցագործությունների հանցագործությունը՝ ցեղասպանությունը:

Թովմա վարդապետն ընդգծեց, որ ցեղասպանված հայ ժողովրդի սուրբ նահատակների պատգամն այսօրվա իր սերունդին` առավել հավատքի մարդ, աշխատասեր ու տքնաջան, հայրենի հողին կառչած ու միասնական լինելն է:

Վերջում Հայր Սուրբը հորդորեց ամենքին զորանալ Տիրոջ Սուրբ Հարության շնորհներով, աղոթել մեկը մյուսի համար, լինել միաբան ու միասնական և բյուրավոր սուրբ նահատակների զորավոր բարեխոսությունը հովանի լինի բոլորի վրա:

Սուրբ Պատարագի ավարտից հետո, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, կատարվեց Հայոց նահատակների բարեխոսական կարգը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ