02 04 2019

Առևտրի շրջիկ կետերի ոլորտը թերի է կարգավորված

Առևտրի շրջիկ կետերի ոլորտը թերի է կարգավորված

Մայրաքաղաքում առևտրի շրջիկ կետերի ոլորտը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առևտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպե՞ս այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաև իրավական այլ կարգավորումներ: Քաղաքապետարանի նախաձեռնությունն ուղղված է օրենսդրական բացը լրացնելուն:

«Նախատեսում ենք, որ հարցի կարգավորման նպատակով համապատասխան համայնքի ավագանիները կսահմանեն շրջիկ առևտրի կետերով իրականացվող առևտրին կամ ծառայություններին առնչվող պայմաններն ու պահանջները, ինչպես նաև կսահմանվի թույլտվություն տալու գործընթացը», - նշում է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև ժամերը և օրերը:

«Նաև քննարկում ենք ավագանիների հետ, որ տոն օրերին լինեն ավելի շատ հնարավորություններ՝ զբաղվելու շրջիկ առևտրով»,-ասել է Սերգեյ Հարությունյանը:

Այսօր ավագանու անդամներն ակտիվ քննարկումներ են անցկացնում նաև տնտեսվարողների հետ, լսում նրանց բարձրացրած խնդիրներն ու առաջարկները: Ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը նշում է՝ առևտրի նման ձևին կողմ է, բայց մինչև օրենքը չլինի, իրենք հորդորում են չզբաղվել շրջիկ առևտրով, որը քաղաքի ու բնակիչների համար ստեղծում է մի շարք խնդիրներ:

Տնտեսվարողները, չնայած կատարված ծախսերին, պատրաստ են հավելյալ ներդրումներ անել և փոփոխություններ մտցնել, որ գործունեությունը համապատասխանի օրենքին:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ էլեկտրականությունը միացված է հենասյուներից և հարակից տնտեսվարողներից, և չի համապատասխանում անվտանգության տեխնիկական չափորոշիչներին:

«Կան տնտեսվարողներ, որոնք ասում են, որ պայմանագրեր են կնքել ՀԷՑ-ի հետ: Այդ դեպքում անհասկանալի է, ինչպես է շրջիկ մեքենան, որ ենթադրում է, թե պետք է շրջի կամ ցանկացած պահի անհրաժեշտ լինի տարածքը շտապ ազատել, ինչպես է պահպանվելու անվտանգությունը, ի՞նչ են անելու այդ լարերը»,-նշում է  Սերգեյ Հարությունյանը::

Տեխնիկական խնդիրներից բացի կա ևս մեկ այլ՝ սննդի անվտանգությանն առնչվող լրջագույն խնդիր: Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար շրջում և զգուշացնում են տնտեսվարողներին:

«Հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն: Այն շրջիկ առևտրի կետերը, որոնք իրականացնում են հանրային սննդի վաճառք, բայց չունեն թույլտվություն, նրանց նկատմամբ իրականացնում ենք վարչարարություն. առաջին անգամ՝ 80-100 հազար դրամ տուգանք»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Շրջիկ առևտրի մասին օրենքի փոփոխություններն ու լրացումները կոչված են օգնելու տնտեսվարողներին ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ողջ տարածքում՝ այդպիսով ստեղծելով գործարարության նոր ու մեծ հնարավորություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ