09 03 2019

Ոստիկանները կրկին սահման են մեկնել



Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն սահմանին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից:

 ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունելով սահմանապահ ոստիկաններին, շնորհակալություն հայտնեց հայրենանվեր ծառայության համար և մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն:Ավանդույթի համաձայն ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ երդվեցին ու աղոթեցին:

Հանդիսավոր երթով Տավուշ մեկնեցին ոստիկանության հասարակական կարգի պահպանման զորամասի ծառայողները, իսկ հաջորդ օրը նրանց ծառայակից ընկերները վերադարձան նույն դիրքերից: Նրանց դիմավորելու էր եկել ՀՀ ոստիկանության պետը:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դիրքապահ ոստիկանները ողջ համակարգի հպարտությունն են. «Մենք հպարտանում ենք ձեզնով, հպարտանում ենք, որ մեր շարքերում, մեր կողքին ծառայում են մեր անվտանգության երաշխավորները»,- ընդգծեց ՀՀ ոստիկանության պետը:

Նա նաև շնորհավորեց ոստիկանների կանանց մարտի 8-ի առթիվ. «Մեր սահմանապահների ամուր թիկունքը հենց դուք եք սիրելի կանայք և ձեզնով է պայմանավորված մեր ուժեղ լինելը», - ասաց Վալերիյ Օսիպյանը:ՀՀ ոստիկանության պետի հրամանով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով:

Ի դեպ պարգևատրվողներից մեկն, ինչպես պարզվեց, շարքում չէր: Վատացել էր ծառայողի ինքնազգացողությունը և գտնվում էր զորամասի բուժկետում: Հանդիսավոր երթն ընդունելուց հետո ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց ոստիկանության զորքերի զորամաս, հանդիպեց ոստիկանին ու մաղթեց առողջություն: Վալերիյ Օսիպյանը նաև շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ ծառայության պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ