22 01 2019

Ֆեյսբուքյան արձագանքներ պարգևավճարների, խաղաղասիրական քարոզի և ՄԻԵԴ որոշման մասին

Ֆեյսբուքյան արձագանքներ պարգևավճարների, խաղաղասիրական քարոզի և ՄԻԵԴ որոշման մասին

 Քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հանրայինի լուրերն եմ նայում, փոքրիկ տպավորություն կա, թե իշխանությունները սկսել են կատարել հունվարի 16-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելը։

Տեսեք, թե ինչ ռեպորտաժ են նկարել։ Տեսեք, թե ինչ կարոտով են այգեպարցիները խոսում այն   օրերի մասին, երբ ադրբեջանական Ալիբեյլի գյուղ գնալ-գալ կար, իրար հետ աշխատել կար... Փորձագետն էլ է հաստատում, որ «առաջին իսկ հնարավորության դեպքում հայերը Գյանջայից նուռ կբերեն վաճառելու, ադրբեջանցիներն էլ այստեղից հայկական կոնյակ կտանեն: 7։22-ից նայեք, ձեր կարծիքն ասեք։ Ո՞վ գիտի, կարող է ես սխալվում եմ»։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Համատարած պարգևատրումների և 13-րդ աշխատավարձի մասին խոսել եմ դեռևս մեկ ամիս առաջ, հարցազրույցներից մեկի ընթացքում, երբ մտքովս էլ չէր անցնում, որ այս արատավոր պրակտիկան նույնությամբ կրկնվելու է։ Սա արատավոր պրակտիկա է ոչ թե այն պատճառով, որ համատարած կիրառվում էր նախկինում, այլ ընդհանրապես կառավարման համակարգի չգործելու դրսևորումներից մեկն է, որը բացառել է առողջ մրցակցության, աշխատանքի գնահատման հիման վրա պարգևատրման մեխանիզմների և աշխատանքային մոտիվացիայի ստեղծման հնարավորությունները:

Պարգևատրման ճիշտ և աշխատանքի արդյունավետության գնահատման վրա հիմնված մեխանիզմ ստեղծելու, նաև այն կիրառելու համար իհարկե ժամանակ է պետք:

- Կարո՞ղ էին արդյոք մարզպետներն ու Երևանի քաղաքապետն այս անգամ խուսափել համատարած ու չարդարացված պարգևատրումներից, թերևս ոչ, քանի որ տարիներով այդ համակարգում և հենց այս սկզբունքով աշխատողները սպասում էին այդ 13-րդ աշխատավարձին, որը միշտ ստացել են, և չստանալը որևէ կերպ արդարացված չէր լինի, քանի դեռ ներդրված չեն աշխատանքի գնահատման մեխանիզմները, մյուս բոլոր որոշումները կդիտարկվեին ու կորակվեին սուբյեկտիվ և անարդար:

- Պե՞տք է արդյոք խուսափեին նոր աշխատողներին, և իրենք իրենց պարգևատրելու գայթակղությունից, չնայած որ շատ լավ գիտեմ՝ շատերն իրապես աշխատում և աշխատել են օր ու գիշեր, բայց` այո՛, պետք է խուսափեին, իրավական առումով խնդիրներ չկան, միայն մեկն է օրենքի տիրույթից դուրս եկել, բայց առավել կարևորը բարոյական կողմն է, և այս բարոյական պատասխանատվության ու հաշվետվողականության մասին է, որ երբեք չպետք է մոռանալ, ու այսօրվա պահանջատեր հասարակությունը թույլ չի տա այդ կողմն անտեսել:

Կարևոր էր, որ այս խնդիրը բարձրացվեց, որը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե որքան անկատար է մեր պետական կառավարման ողջ համակարգը ու թե որքան աշխատանք կա անելու»:

 

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխող, նոր ձևավորվող խմբավորումը ժողովրդից ստացել է այն ամենը, ինչը հնարավոր էր ստանալ` վստահություն, իշխանություն և ձայներ: Այլևս ստանալու ոչինչ չունի, գոնե մոտակա 5 տարում (իրենց կարծիքով): Հիմա նրանք այլ խնդիր են լուծում: "Թիմը" իշխանության է եկել Նիկոլի ցուցակով և դրա համար պարտական է նրան, սակայն այլևս Նիկոլն է նրանց պարտական լինելու իշխանությունը 5 տարի պահելու համար: Նիկոլը համաժողովրդական ընտրությամբ ընտրված նախագահ չէ` ընդամենը վարչապետ է և ցանկացած պահ կարող է այդ աթոռը կորցնել: Կորցնելով ժողովրդի վստահությունը, նա մնում է խորհրդարանի կոճակների հույսին և այդ ժամանակ ամեն մի "կոճակ" իրեն իրական իշխանություն կզգա և քանի որ գործող իշխանությունն ապագաղափարական և ապաքաղաքական է, ապա նրանց պետք է մի բան միավորի և այդ միավորող բանը անձնական շահն է: "Կոճակներից" բացի Նիկոլը փոխկապակցված է կառավարության ապարատի հետ, որը կարող է իրեն աջակցել, կարող է և սաբոտաժի ենթարկել, ինչը պատահեց Սերժ Սարգսյանի հետ: Այդ դասը Նիկոլը լավ գիտի:

Աղքատ երկրում այդ շահը մյուսների շահին հակասում է և մյուսների հաշվին է` ռեսուրսները սահմանափակ են: Մյուսները լայն զանգվածներն են: Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը: Սա է այդ պարգևավճարների իմաստը և դա ընդամենն առաջին ծիծեռնակն է»:

Վահագն Գրիգորյանը գրում է.

«Ո՞վ ա մեղավոր, եթե օրենքը խախտվում ա (օրինակ՝ Մայրապետյանի գործով)։ Կոնկրետ պատգամավորի (Ն․ Բաղդասարյան) կարծիքով՝ նա, ով օրենքն ԸՆԴՈՒՆԵԼ ա, այլ ոչ թե նա, ով օրենքը ԽԱԽՏԵԼ ա։

Սրա արդյունքում հասարակությունը ստանում ա «մեսիջ», որ՝

- ժողովուրդ ջան, կան լավ օրենքներ ու վատ («բոբո») օրենքներ,

- ժողովուրդ ջան, մենք «տեր ենք», եթե նոր իշխանության ընդունած օրենքները խախտվեն,

- բայց ժողովուրդ ջան, մենք «տեր չենք», եթե խախտվում են նախորդ իշխանության ընդունած «բոբո» օրենքները։

Այսինքն՝ եթե կա մի «բոբո» օրենք, որն ընդունվել ա նախկինների օրոք, բայց խախտվում ա ներկաների օրոք, ապա ներկաները դրա հետ «բացարձակ կապ չունեն»։

Արդյունքում առաջանում են «քոմենթչիներ», ովքեր՝

- կասկածելի են համարում ՄԻԵԴ-ի կողմից «արագ» որոշման ընդունումը,

- ՄԻԵԴ-ի որոշումը համարում են խոչընդոտ մեր դատական համակարգի անկախության համար,

- գտնում են, որ իշխանությունները «ստիպված» միջամտում են դատական գործերին, քանի որ կեղտոտ ՄԻԵԴ-ը իշխանություններին այլ ելք չի թողնում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ